ԱՄՆ փոխնախագահների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ փոխնախագահ (անգլ.՝ Vice President of the United States), նախագահից հետո կարևորությամբ երկրորդ պաշտոնյան է ԱՄՆ դաշնային կառավարության գործադիր համակարգում։ ԱՄՆ առաջին փոխնախագահը Ջոն Ադամսն էր, գործող փոխնախագահը Մայք Փենսն է։ Ամբողջ պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցրել է 48 մարդ։
Փոխնախագահը շատ լիազորություններ չունի, փոխնախագահի հիմնական սահմանադրական գործառույթն այն է, որ նա ԱՄՆ նախագահին փոխարինում է նրա մահվան, հրաժարականի կամ պաշտոնից հրաժարվելու դեպքում։ Ութ փոխնախագահներ զբաղեցրել են նախագահի պաշտոնը նախորդների մահվան հետևանքով և պաշտոնաթողության պատճառով։ Բացի այդ, փոխնախագահը Սենատի պաշտոնական ղեկավարն է։
7 փոխնախագահները մահացել են պաշտոններում (բոլորն իրենց մահով, վերջինը՝ Շերմանը 1912 թվականին), 2-ը պաշտոնաթող են եղել (Կալխուն և Ագնյու), 9-ը նախագահ են դարձել նախագահի հրաժարականի կամ մահվան արդյունքում (ընդ որում նրանցից 4-ը հետագայում վերընտրվել են)։ 4 գործող փոխնախագահներ ընտրվեցին նախագահներ (Ադամս, Ջեֆերսոն, Վան Բյուրեն և Բուշ ավագ), ևս մեկը՝ Նիքսոնը, նախագահ ընտրվեց փոխնախագահության ավարտից 8 տարի անց։
1973 թվականին Ջերալդ Ֆորդը նշանակվեց Ռիչարդ Նիքսոնի՝ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում Սպիրո Ագնյուի հրաժարականից հետո։ Նոյեմբերի 27-ին Ֆորդը հաստատվեց Սենատի կողմից, դեկտեմբերի 6-ին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստանձնեց պաշտոնը։ Ավելի քիչ, քան մեկ տարի անց՝ 1974 թվականի օգոստոսի 9-ին, Ֆորդը ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, երբ արդեն հրաժարական տվեց Նիքսոնը՝ Ուոթերգեյթի գործով հետաքննության կապակցությամբ։ Այսպիսով, Ֆորդը դարձել Է ԱՄՆ-ի միակ նախագահը, որը ինչպես նախագահի, այնպես էլ փոխնախագահի պաշտոնն ստացել է ոչ համաժողովրդական ընտրության կարգով։
1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ գոյություն ուներ Ամերիկայի Համադաշնային Նահանգների փոխնախագահի պաշտոն, երբ Հարավային Նահանգներն իրենց անկախ հայտարարեցին և դուրս եկան ԱՄՆ-ի կազմից։ Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին և միակ փոխնախագահն էր Ալեքսանդր Սթիվենսը, որն ընտրվել էր նախագահ Ջեֆերսոն Դևիսի հետ 1861 թվականի նոյեմբերի 6-ին[1]։