Անձի հոգեսոցիալական զարգացում
From Wikipedia, the free encyclopedia
Անձի հոգեսոցիալական զարգացում, Էրիկ Էրիկսոնի կողմից ստեղծված տեսություն, որում նկարագրվում են անձի զարգացման ութ փուլեր։ Էրիկ Էրիկսոնի անձի զարգացման տեսության համար կենտրոնական է հանդիսանում մարդու՝ իր կյանքի ընթացքում այդ փուլերով անցնելը։ Ըստ դրա անձը զարգանում է աստիճանաբար։ Հասարակությունը կառուցված է այնպես, որ անձի սոցիալական հնարավորությունների զարգացումը ընդունվում է հավանությամբ։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական փուլ ուղեկցվում է ճգնաժամով՝ անհատի կյանքի շրջադարձային պահով, որը ծագում է սահմանված մակարդակում՝ որպես սոցիալական պահանջների և հոգեսոցիալական չափահասության նվաճումների հետևանք։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական ճգնաժամ պարունակում է դրական և բացասական բաղադրիչներ։ Եթե խնդիրը մնում է չլուծված կամ ստանում է անբավարար լուծում, զարգացող էգոյին հասցվում է վնաս, և նրա վրա կառուցվում է բացասական բաղադրիչ։ Եթե տվյալ փուլի համար կենտրոնական հանդիսացող խնդիրը բավարար չափով լուծվում է, ապա էգոն իր վրա վերցնում է դրական բաղադրիչ։ Անձը պետք է կարողանա համապատասխան լուծումներ տալ յուրաքանչյուր ճգնաժամին, և այդ ժամանակ նա հնարավորություն կունենա մոտենալ հաջորդ՝ զարգացման փուլին ավելի հարմարված և հասուն։
Փուլ | Տարիք | Հոգեսոցիալական ճգնաժամ | Ուժեղ կողմ |
---|---|---|---|
Օրալ-սենսորային | Ծնունդից մինչև 1 տարեկան | Վստահություն-Անվստահություն | Հույս |
Մկանային-անալ | 1-3 տարեկան | Ինքնուրույնություն-Ամոթ, կասկած | Կամքի ուժ |
Լոկոմոտոր-գենիտալային | 3-6 տարեկան | Նախաձեռնողականություն-Մեղք | Նպատակ |
Լատենտ | 6-12 տարեկան | Աշխատասիրություն-Թերարժեքություն | Իրազեկություն |
Պատանեկություն | 12-19 տարեկան | Էգո-ինքնություն-Դերային շփոթ | Հավատարմություն |
Վաղ հասունություն | 20-25 տարեկան | Ինտիմություն-Մեկուսացում | Սեր |
Միջին հասունություն | 26-64 տարեկան | Արդյունավետություն-Լճացում, անգործություն | Հոգատարություն |
Ուշ հասունություն | 65տարեկան-Մահ | Էգո-ինտեգրացում-Հուսահատություն | Իմաստություն |