Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում տեղի է ունեցել պարբերաբար 1913 թվականից մինչև այժմ Թուրքական կառավարության կողմից։ Թուրքացման քաղաքականության արդյունքում հազարավոր անվանումները Թուրքիայի Հանրապետությունում կամ Օսմանյան կայսրությունում կորցրել են իրենց տարածված կամ պատմական տարբերակները՝ տեղի զիջելով թուրքերեն անվանումներին։ Կառավարությունը պնդում է, որ այսպիսի անվանումները օտար են և պառակտում են թուրքական միասնությունը։ Հիմնականում փոխվել են հայերեն, հունարեն, լազերեն, վրացերեն, բուլղարերեն, քրդերեն, ասորերեն և արաբերեն ծագմամբ անվանումները։
Եվրոպական միությանը միանալու Թուրքիայի ջանքերը նվազեցրել են այս փոփոխությունների քանակը։ Որոշ դեպքերում օրենսդրությունը վերականգնել է գյուղերի նախկին անվանումը (հիմնականում քրդաբնակ գյուղերում)։ Նախկինում փոխված տեղանունները հաճախ կրել են տեղական բարբառների կամ լեզուների ազդեցությունը։
Քաղաքականությունը սկսվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին և շարունակվել է Թուրքիայի Հանրապետությունում։ Քեմալական կառավարության ներքո ստեղծվել են հատուկ կառավարական հանձնաժողովներ՝ անվանումների փոփոխության համար։ Մոտավորապես 28,000 տեղագրական անվանումներ փոխվել են, որը ներառում է՝ 12,211՝ գյուղ և քաղաք, 4,000՝ լեռ, գետ և այլ տեղագրական անվանում։ Փոփոխությունների մեծ մասը կատարվել է արևելյան մարզերում, որտեղ ազգային փոքրամասնությունները բնակչության մեծամասնություն են կազմում։ Քաղաքականությունը երբեմն ներառում էր օտար անվան օգտագործման արգելում, երբ այդ անվանումը համարվում էր պառակտիչ և անհամապատասխան։