Արևմտյան ճամբար
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան ճամբար (հայտնի է նաև որպես Ազատ ճամբար, Կապիտալիստական ճամբար[1], Ամերիկյան ճամբար, և ՆԱՏՕ-ի ճամբար անվանումներով), Ամերիկայի Միացյալ Նահանգներին դաշնակից երկրների կոալիցիա, որը 1947-1991 թվականներին գոյություն է ունեցել Սառը պատերազմի ժամանակ։ Չնայած Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն առանցքային դերակատարում ունեին ճամբարում, դրան անդամակցում էին բազմաթիվ այլ երկրներ, որոնք գտնվում են Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում։ Այս երկրներում գերիշխող են եղել հակախորհրդային, հակակոմունիստական և որոշ դեպքերում նաև հակասոցիալիստական գաղափարախոսություններն ու քաղաքականությունը։ Որպես այդպիսին, ճամբարը ընդդիմանում էր կոմունիստական երկրների քաղաքական համակարգերին և արտաքին քաղաքականությանը, որոնք համախմբվել էին ԽՍՀՄ շուրջ։ Այդ երկրների թվում էին նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ երկրները, Կուբան, Վիետնամը, Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը և այլն։ «Արևմտյան ճամբար» անվանումը ի հայտ է եկել ի պատասխան և որպես հակադրում իր կոմունիստական տարբերակին՝ «Արևելյան ճամբարին»։ Սառը պատերազմի ընթացքում կառավարություններն ու արևմտյան մեդիան առավել դիրքավորվել էին որպես «Ազատ աշխարհի» կամ «Առաջին աշխարհի» երկրների ներկայացուցիչներ, մինչդեռ Արևելյան ճամբարը առավել դիրքավորվում էր որպես «Կոմունիստական աշխարհ», «Սոցիալիստական աշխարհ» կամ «Երկրորդ աշխարհ»։