Ափիոնատիպ նյութեր
From Wikipedia, the free encyclopedia
Ափիոնատիպ նյութեր կամ օփիոիդներ, նյութեր, որոնք ընդունակ են կապ ստեղծել օրգանիզմի օփիոիդային ընկալիչների հետ, որոնք մեծ մասամբ տեղակայված են կենտրոնական նյարդային համակարգում և ստամոքս-աղիքային ուղում։
Ափիոնատիպ նյութերը քնաբեր կակաչից (Papaver somniferum, խաշխաշ) ստացվող և արհեստական եղանակով սինթեզվող թմրամիջոցների խումբ են, որոնք հանդիսանում են օրգանիզմի օփիոիդային ընկալիչների ագոնիստներ։ Այս խմբին են դասվում հերոինը, մորֆինը, կոդեինը, մեթադոնը, բուպրենորֆինը, դեզոմորֆինը և այլն[1]։
Օրգանիզմի վրա ափիոնատիպ նյութերի ազդեցությունը կապվում է դրանց անալգետիկ (ցավազրկող) և սեդատիվ (հանգստացնող) հատկությունների, շնչառական և հազի կենտրոնների ընկճվածության, աղիքային գալարակծկանքների (պերիստալտիկա, օրգանի պատերի ալիքաձև կծկումներ, որի հետևանքով տեղի է ունենում դրա պարունակության տեղաշարժ) հետ։ Օփիոիդները լայն կիրառություն ունեն բժշկության մեջ՝ որպես հզոր ցավազրկողներ (անալգետիկներ)։ Էյֆորիայի առաջացումը պայմանավորված է օփիոիդների ժամանցային (ռեկրեացիոն) գործածմամբ, ինչը կարող է հանգեցնել կախվածության և զրկանքի համախտանիշի առաջացման։