Դժգույն տրեպոնեմա
From Wikipedia, the free encyclopedia
Դժգույն տրեպոնեմա (լատին․՝ Treponema pallidum) - սպիրոխետ, որի ենթատեսակները հարուցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Իրենցից ներկայացնում են պարուրաձև ոլորված բակտերիաներ՝ 6-12 մկմ երկարությամբ և 0,1-0,2 մկմ լայնությամբ։ Հայտնի են 4 ենթատեսակներ.
- Treponema pallidum pallidum, սիֆիլիսի հարուցիչն է,
- T. p. endemicum, հարուցում է բեջել հիվանդությունը[1],
- T. p. carateum, պինտայի հարուցիչն է[2],
- T. p. pertenue, ֆրամբեզիայի հարուցիչն է[3][4]։
Դժգույն տրեպոնեմա | |
Դժգույն տրեպոնեմա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Pseudomonadati |
Տիպ/Բաժին | Spirochaetota |
Դաս | Spirochaetia |
Կարգ | Սպիրոխետներ (Spirochaetales) |
Ընտանիք | Treponemataceae |
Ցեղ | Տրեպոնեմա (Treponema) |
Տեսակ | Դժգույն տրեպոնեմա (T. pallidum) |
Միջազգային անվանում | |
Treponema pallidum |
Առաջին անգամ հայտնաբերվել են գերմանացի մանրէաբաններ Ֆ. Շաուդինի և է. Հոֆմանի կողմից, 1905-ին, մանրադիտակի օգնությամբ։ Դժգույն անվանումը ստացել են Ռոմանովսկու-Գիմզայի մեթոդով ներկելուց հետո, մանրադիտակի տակ թույլ վարդագույն (դժգույն-վարդագույն) երանգ ունենալու համար։ Ըստ Գրամի չեն ներկվում՝ գրամբացասական բակտերիաներ են։ Չներկված և չֆիքսված տրեպոնեմները լուսային մանրադիտակով չեն երևում։ Տեսանելի դարձնելու համար կիրառում են մութ դաշտում մանրադիտման մեթոդը։ Տրեպոնեմաները, դրանց հակածինները կամ այդ հակածինների հանդեպ օրգանիզմում արտադրված հակամարմինները հայտնաբերելու համար հաճախ օգտագործում են ավելի ժամանակակից` շճաբանական լաբորատոր հետազոտություններ. RPR, VDRL, TPHA և այլն։