Թոքային էմբոլիա
From Wikipedia, the free encyclopedia
Թոքային էմբոլիան (ԹԷ), թոքերում զարկերակի մակարդուկով խցանումը, որը տեղաշարժվել է մարմնի այլ հատվածից` արյան շրջանառության միջոցով (էմբոլիա)[1]։ ԹԷ-ի ախտանշաններն են` շնչառության կարճացումը, կրծքավանդակի ցավը, մասնավորապես, ներշնչման ժամանակ, և արյունային հազը։ Ստորին վերջույթներում արյան մակարդուկի (թրոմբ) սիմպտոմները ևս կարող են առկա լինել, ինչպես օրինակ՝ կարմիր, տաք, այտուցված և ցավոտ ոտքեր[2]։ ԹԷ-ի նշանները ներառում են արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ, հաճախաշնչություն, հաճախասրտություն և, երբեմն, մարմնի ջերմաստիճանի թեթև աստիճանի բարձրացում[3]։ Ծանր դեպքերը կարող են ընթանալ գիտակցության կարճատև կորուստներով (սինկոպե), զարկերակային արյան ճնշման զգալի իջեցումով (շոկ) և հանկարծամահությամբ[4]։
Թոքային էմբոլիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Hampton hump? և Westermark sign? |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն, արյունաբանություն և թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 415.1 |
Pulmonary embolism Վիքիպահեստում |
ԹԷ-ն սովորաբար առաջանում է ստորին վերջույթների արյան մակարդուկից, որը արյան շրջանառության միջոցով հասնում է թոքեր[1]։ Արյան մակարդուկների (թրոմբ) առաջացման ռիսկը բարձրանում է քաղցկեղի, երկարատև անկողնային ռեժիմի, ծխելու, կաթվածի, որոշ գենետիկ իրավիճակների, էստրոգենային բուժման, հղիության, ճարպակալման ժամանակ և որոշ վիրահատություններից հետո[5]։ Քիչ թվով դեպքերում կարող են պատճառ հանդիսանալ օդով, ճարպով և ամնիոտիկ հեղուկով էմբոլիզացիան[6][7]։ Ախտորոշումը հիմնված է ախտանշանների և հետազոտման տվյալների համալիր գնահատման վրա[8]։ Եթե ռիսկը ցածր է, D-դիմերի որոշումը արյան մեջ կարող է թույլ տալ բացառել ԹԷ-ի առկայությունը[8]։ Հակառակ դեպքում, թոքային անգիոգրաֆիայով ՀՇ-ը (Համակարգչային շերտագրումը), թոքերի վենտիլյացիոն\պերֆուզիոն հարաբերության սկանավորումը կամ ստորին վերջույթների ուլտրաձայնային հետազոտությունը կարող են հաստատել ախտորոշումը[8]։ ԹԷ-ն և խորանիստ երակների թրոմբոզը հայտնի են որպես վենոզ (երակային) թրոմբոէմբոլիզմ (ՎԹԷ)[9]։
ԹԷ-ն կանխելու համար անհրաժեշտ է հետվիրահատական շրջանում որքան հնարավոր է շուտ սկսել շարժվել, նստած ժամանակ կատարել ստորին վերջույթների վարժություններ, և որոշ վիրահատություններից հետո օգտագործել արյունը ջրիկացնող (հակամակարդիչ) պրեպարատներ[10]։ Արյունը ջրիկացնողներից հիմնականում կիրառվում են հեպարինը կամ վարֆարինը[11]։ Դրանք հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել նվազագույնը 6 ամիս[12]։ Ծանր դեպքերը կարող են պահանջել թրոմբոլիզիսային բուժում, ինչպես օրինակ` հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (հՊԱ), կամ վիրահատական բուժում, ինչպես օրինակ` թոքային թրոմբէկտոմիա[11]։ Երբ հակամակարդիչ դեղերը հակացուցված են կամ հնարավոր չէ կիրառել, կարող է օգտագործվել ստորին սիներակի ֆիլտր[11]։
Ամեն տարի, Եվրոպայում ԹԷ-ն ախտահարում է մոտ 430.000 մարդկանց[13]։ ԱՄՆ-ում, ամեն տարի գրանցվում են 300000-ից 600000 ԹԷ-ով տառապող պացիենտներ[1][14], և նրանց մեջ դիտվում են 50000[14]-ից 200000 մահվան դեպքեր[15]։ Տղամարդկանց և կանանց մոտ հանդիպման հաճախականությունը հավասար է[5]։ Տարիքի աճի հետ մեկտեղ հանդիպման հաճախականությունը բարձրանում է[5]։