Իսպանիայի նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի նախագահ (իսպ.՝ Presidente de la República), Իսպանիայի երկրորդ հանրապետության (1931-1939) ժամանակ երկրի ղեկավարի տիտղոս։ Սահմանելով նախագահի լիազորությունները` հանրապետության սահմանադրության հեղինակները հիմք են ընդունել այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Վայմարյան հանրապետության օրինակը` փորձելով ընդհանուր եզրեր գտնել ամերիկյան ու ֆրանսիական նախագահական համակարգերի միջև[1]։
Բացի Երկրորդ հանրապետությունից` Իսպանիայում նախագահներ են եղել անցման ժամանակահատվածում (թագուհի Իզաբելա II-ի հրաժարականից մինչև Ամադեյ I-ի թագավորումը), ինչպես նաև Իսպանիայի առաջին հանրապետության շրջանում։
Իսպաներենում «պրեզիդենտե դել գոբիերնո» (իսպ.՝ Presidente del Gobierno, բառացի` կառավարության նախագահ) եզրի օգտագործումը գործադիր իշխանության ղեկավարի նշանակությամբ շփոթմունքի տեղիք է տալիս[2]։ Այսպես` 2001 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իսպանիայի վարչապետին նախագահ է անվանել, այն դեպքում երբ Իսպանիայում 1975 թվականից ի վեր պետության գլուխ է համարվում թագավորը։ Համանման սխալ 2003 թվականին թույլ է տվել Ջեբ Բուշը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը[3]։