Հիսուս Քրիստոսի արտաքին տեսքի և ազգային պատկանելիության հարց
From Wikipedia, the free encyclopedia
Հիսուս Քրիստոսի արտաքին տեսքի և ազգային պատկանելիության հարց , հարց, որն առաջացել է դեռևս վաղքրիստոնեական ժամանակաշրջանում, քանզի Նոր կտակարանում բացակայում է Քրիստոսի արտաքին տեսքի որևէ նկարագրություն, մինչ նրա մահը։
Չնայած աստվածաշնչյան աղբյուրների կամ պատմական վկայությունների բացակայությանը, II դարից սկսած այս հարցը առավել քննարկվող և ակտուալ թեմաներից մեկն է՝ որպես բանավեճերի առարկա[1][2]։ Միջնադարում անհայտ կամ կասկածելի ծագում ունեցող աղբյուրները տվել են Քրիստոսի կերպարի մոտավոր նկարագրությունը, չնայած դրանք հիմնականում միստիֆիկացված են[3][4][5]։ Մարդկանց մեծամասնությունը Հիսուս Քրիստոսի մասին ունի պատկերացումներ, հիմնականում հիմնվելով եկեղեցական սրբապատկերների վրա։ Հիսուսին հիմնականում պատկերում էին լուսավոր, իդելական գեղեցիկ տղամարդու կերպարով, ով ունի բարակ իրան և բարձր հասակ, երկար շագանակագույն մազեր, կարճ մորուք։ Սակայն այս եզրահանգումը չի հիմնվում գիտական մեկնաբանությունների վրա և հիմնված է անհայտ աղբյուրների վրա[6]։
XIX դարում գոյություն ուներ կարծիք, համաձայն որի Հիսուսը սպիտակամորթ է։ Զուգահեռաբար որոշ ազգերի մոտ նշվում է, որ Հիսուսը նեգրոիդ ռասայի ներկայացուցիչ է։ Օրինակ, եթովպիական ավետարաններում Քրիստոսը սևամորթ է։ Սակայն այսպիսի կարծիքները սուբյեկտիվ են՝ հիմնված մշակութային կարծրատիպերի և սոցիալական տենդենցների վրա, այլ ոչ թե գիտական և պատմական հետազոտությունների վրա։ 2000 տարվա ընթացքում տարբեր մշակույթների կողմից բազմիցս ստեղծվել են Քրիստոսի պատկերներ, որոնք պայմանավորված էին մշակույթների տարբերությամբ[7][8][9]։ Մեր օրերում գոյություն չունի գիտական հիմնավորում ունեցող որևէ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ։ Սակայն ամենատարածված մոտեցման համաձայն Հիսուս Քրիստոսը հրեա է[10]։