Ձյուդո
From Wikipedia, the free encyclopedia
Ձյուդո (ճապ.՝ 柔道, ձյու դո) բառացի՝ «Նուրբ ուղի», ճկուն մարտ վարելու արվեստ)[1], ճապոնական մարտարվեստ, փիլիսոփայություն և մարզական մենամարտ առանց զենքի, որը մարտարվեստի ճապոնացի վարպետ Ջիգորո Կանոյի կողմից (1860-1938) ստեղծվել է 19-րդ դարի վերջին ջուջուցուի հիման վրա[2]։ Վերջինս նաև ձևակերպել է մարզումների և մրցումների անցկացման կանոններն ու սկզբունքները։
Ձյուդո | |
---|---|
Տեսակ | մենամարտ, մարտական արվեստներ, օլիմպիական մարզաձև և Բուդո |
Ծագման երկիր | Ճապոնիա |
Ստեղծվել է | 1882 |
Պորտալ | Portal:Judo? |
Judo Վիքիպահեստում |
Ձյուդոյի ստեղծման տարեթիվը համարվում է Կանոյի կողմից ձյուդոյի առաջին դպրոցի՝ Կոդոկանի (ճապ.՝ 講道館, կո:դո:կան) «Ճանապարհների ուսումնասիրման ինստիտուտ» հիմնադրման թիվը՝ 1882 թվականը։ Ճապոնիայում ընդունված դասակարգման համաձայն՝ ձյուդոն պատկանում է, այսպես կոչված, ժամանակակից մարտարվեստների թվին (գենդայ բուդո, ի տարբերություն ավանդական մարտարվեստի՝ կորյու բուձյուցուի)[3]։
Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի և հարվածային ոճի մյուս մենամարտերի՝ ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը։ Հարվածները և մի քանի առավել տրավմատիկ հնարքների ուսումնասիրությունը կատարվում է կատայի ձևով, որտեղ մրցակցի վրա հնարքի իրականացման նպատակը միայն շարժումների ճշգրտությունն է։
Մարտերի մյուս տեսակներից (հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ) ձյուդոն առանձնանում է հնարքների կատարման ժամանակ ֆիզիկական ուժի ավելի քիչ օգտագործմամբ և թույլատրված տեխնիկական գործողությունների մեծ բազմազանությամբ։
Ունենալով փիլիսոփայական մեծ իմաստ՝ ձյուդոն հիմնված է 3 հիմնական սկզբունքների վրա՝ փոխօգնություն և փոխըմբռնում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար, մարմնի և հոգու լավագույն օգտագործում, զիջում հաղթելու համար։ Մինչև ձյուդոյով զբաղվելը ավանդաբար սահմանված նպատակ է ֆիզիկական դաստիարակությունը, ձեռնամարտի պատրաստվելը և գիտակցության կատարելագործումը, ինչը պահանջում է կարգապահություն, հաստատակամությունը, ինքնատիրապետում, էթիկետի պահպանում, հաղթանակի և դրան հասնելու համար անհրաժեշտ ջանքերի կապի գիտակցում[4]։
Սկզբնական շրջանում ձյուդոն գցումներից բացի ներառել է նաև հարվածներ, սակայն հետագայում մրցումների կանոնները փոխվել են, ու հարվածներ պարունակող ձյուդոն հիմա անվանում են «մարտական ձյուդո»[5]։
Ներկայումս զուգահեռ զարգանում են, այսպես կոչված, ավանդական ձյուդոն (ի դեմս Կոդոկան ձյուդոյի և ձյուդոյի մի շարք այլ դպրոցների) և մարզական ձյուդոն, որի մրցումներն անցկացվում են միջազգային մակարդակով, և 1964 թվականից ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Մարզական ձյուդոյում, որը զարգացնում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա (IJF), ավելի շատ շեշտը դրվում է մրցման բաղադրիչին, իսկ ավանդական ձյուդոյում լրացուցիչ ուշադրություն է դարձվում ինքնապաշտպանության և փիլիսոփայական հարցերին, ինչի ազդեցությամբ առաջացել են մրցումների կանոնների ու թույլատրված հնարքների տարբերություններ։
Ձյուդոյի տեխնիկան ընկած է մենամարտի ժամանակակից բազմաթիվ ոճերի, այդ թվում սամբոյի, բրազիլական ջիու-ջիթսուի, Կավաիսի Ռյու ձյուձյուցուի, Կոսեն ձյուդոյի հիմքում։ Պատանեկության տարիքից ձյուդոյով են զբաղվել Մորիհեյ Ուեսիբան (այկիդոյի հիմնադիրը), Միցույո Մաեդան (բրազիլական ջիու-ջիթսուի հիմնադիրը), Վասիլի Օշեպկովը (սամբոյի ստեղծողներից մեկը) և Գոձո Սիադոն (այկիդոյի յոսինկան ոճի հիմնադիրը)[6]։