Մեխանիկական թուրք
From Wikipedia, the free encyclopedia
Մեխանիկական թուրք, հայտնի նաև Ավտոմատ շախմատիստ (գերմ.՝ Schachtürke, հունգ.՝ A Török), կամ պարզապես Թուրք, 1770 թվականին կառուցված խարդախ շախմատային մեքենա, որը, թվում էր, կարող էր ուժեղ շախմատ խաղալ բանական հակառակորդի դեմ։ 84 տարի շարունակ այն ցուցադրվել է տարբեր հյուրախաղերի, փառատոնների ժամանակ որպես ավտոմատ շախմատ խաղացող։
Մինչև 1854 թվականը մեքենան շարունակեց պարբերաբար ցուցադրվել, մինչև այն ժամանակը, երբ հրդեհը ծածկեց այն թանգարանը, որտեղ այն պահվում էր՝ ոչնչացնելով մեքենան։ Այնուհետև մեքենայի սեփականատիրոջ որդու կողմից հրապարակվեցին հոդվածներ, որոնք հանրությանը բացահայտում էին դրա գաղտնիքները. որ դա մշակված կեղծիք էր, որի մասին թեև շատերը կասկածում էին, բայց երբևէ չապացուցվեց հանրության կողմից, քանի դեռ այն գոյություն ուներ[2]։ Ստեղծվել և գործարկվել է 1770 թվականին Վոլֆգանգ ֆոն Կեմպելենի (1734–1804) կողմից՝ Ավստրիայի Մարիա Թերեզա կայսրուհուն տպավորելու համար, թվում էր թե մեխանիզմը, կարող էր ուժեղ շախմատ խաղալ մարդկային հակառակորդի դեմ, ինչպես նաև լուծել ձիու քայլի գլուխկոտրուկը, որը խաղացողից պահանջում է տեղափոխել ձին շախմատի տախտակի յուրաքանչյուր քառակուսին ճիշտ մեկ անգամ զբաղեցնելու համար։
Մեխանիկական թուրքն իրականում մեխանիկական պատրանք էր, որը թույլ էր տալիս ներսում թաքնված շախմատի վարպետին աշխատեցնել մեքենան։ Ունենալով հմուտ օպերատոր՝ մեխանիկական թուրքը հաղթեց Եվրոպայում և Ամերիկայում շուրջ 84 տարի իր հյուրախաղերի ժամանակ խաղացած խաղերի մեծ մասը՝ խաղալով և հաղթելով բազմաթիվ մրցակիցների, այդ թվում՝ պետական գործիչների, ինչպիսիք են Նապոլեոն Բոնապարտը և Բենջամին Ֆրանկլինը։ 1804 թվականին սարքը գնվեց և ցուցադրվեց գերմանացի գյուտարար, ինժեներ և շոումեն Յոհան Նեպոմուկ Մաելզելի կողմից։ Յոհան Ալգայերը, Բոնկուրը, Ահարոն Ալեքսանդրը, Ուիլյամ Լյուիսը, Ժակ Մուրեն և Ուիլյամ Շլումբերգերը այն շախմատիստներն էին, ովքեր գաղտնի խաղում էին սարքի մեջ, սակայն մեխանիզմի օպերատորները, Կեմպելենի սկզբնական շրջագայության ընթացքում, մնում են անհայտ։