Նոր կուրս
From Wikipedia, the free encyclopedia
Նոր կուրս (անգլ.՝ New Deal), Ֆրանկլին Ռուզվելտի վարչակարգի տնտեսական քաղաքականության անվանում, որն իրականացվել է 1933 թվականից սկսած` նպատակ ունենալով դուրս գալու տնտեսական մասշտաբային ճգնաժամից (Մեծ ճգնաժամ), որն ընդգրկել էր ԱՄՆ-ն 1929-1933 թվականներին։
Նոր կուրսի տնտեսական ծրագրերն անց են կացվել Կոնգրեսի միջոցով Ռուզվելտի նախագահական առաջին կառավարման տարիներին` 1933-1936 թվականներին։ Դրանց նպատակն է եղել գործազուրկների դրության բարելավումը, տնտեսության վերականգնումը, ֆինանսական համակարգի բարեփոխումները, որպեսզի կանխվի Մեծ ճգնաժամի կրկնությունը։ Ռուզվելտի «Նոր կուրսը» սատարող Դեմոկրատական կուսակցությունն արտահայտում էր սպիտակամորթ հարավցիների, էթնիկ փոքրամասնությունների ու արհմիությունների շահերը։ Հանրապետական կուսակցությունն այս շրջանում տրոհված էր. նրա մի մասը մնում էր Ռուզվելտի կառավարման ընդդիմադիրը` համարելով, որ այն հակասում է բիզնեսի շահերին, իսկ մյուսը մասնակիորեն սատարում էր Ռուզվելտին։ Բարեփոխումների կողմնակիցները ձևավորել են «Նոր կուրսի կոալիցիան», որ ինչև 1960-ական թվականները ընտրություններին ներկայացել է մեկ ճակատով, սակայն արդեն 1938 և 1964 թվականներին Կոնգրեսը վերահսկել է ընդդիմադիր «պահպանողական կոալիցիան»։ Արդյունքում «Նոր կուրսի» տնտեսական շատ ծրագրեր, օրինակ` գործազուրկներին աշխատանքի տեղավորելու ծրագիրը, մերժվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին[1]։ Ամեն դեպքում, Ռուզվելտի նորարությունների մի մասը, օրինակ` սոցիալական ապահովագրությունը, ավանդների ապահովագրումը, արժեքավոր թղթերի ու բիրժաների հանձնաժողովը, գործում է մինչ օրս։
«Նոր կուրս» անվանումը ծագում է 1901-1909 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի քաղաքականության «Արդար կուրս» անվանումից։ Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրսի» քաղաքականությունը պահպանել են պրոգրեսիվիզմի դարաշրջանի մի շարք նախագահներ (Թեոդոր Ռուզվելտ, Հովարդ Տաֆտ, Վուդրո Վիլսոն), որոնք հետևողականորեն ուժեղացրել են պետության մասնակցությունը տնտեսական ոլորտում։