Նուար (գրականություն)
From Wikipedia, the free encyclopedia
Նուարը (ֆր.՝ Noir նշանակում է սև, ժանրը ընդունված է անվանել նաև սև վեպ կամ սև դետեկտիվ) 1920-1960 թթ. ամերիկյան գրականության ժանր է, իրենից ներկայացնում է դետեկտիվի ենթաժանր՝ կոպիտ ռեալիզմի և նատուրալիզմի տարրերով։ Նուարին հատուկ են սեքսի և դաժանության տեսարանները, ժարգոնի օգտագործումը երկխոսություններում և մռայլ ֆոնը[1]։ Ժանրը ծագել և զարգացել է 1920-1930-ական թթ., հրատարակվել է էժան ամսագրերում, որոնցից ամենահայտնին Black Mask բուլվարային ամսագիրն է։ Այդ ամսագրում հրատարակել են իրենց ստեղծագործությունները ժանրի ստեղծողները, այն ստեղծվել է 1920 թ. The Smart Set ամսագրի ծախսերը ծածկելու համար[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուար (այլ կիրառումներ)
Նուարը դասակարգվում է որպես hardboiled ժանրի դետեկտիվի ենթաժանր, սակայն տարբերվում է դրանից մի քանի առանձնահատկություններով. նուարում գլխավոր հերոսը ոչ թե նա է, ով հետաքննում է հանցագործությունը (դետեկտիվը, ոստիկանը կամ լրագրողը), այլ նա, ով անմիջականորեն մասնակցել է հանցագործությանը (հանցագործը կամ զոհը)։
Այս ժանրը համարվում է էժանագին գրականություն և որոշ քննադատների կարծիքով ամերիկյան բելետրիստիկ արտադրանք է, որը վարպետորեն շոշափում է սուր սոցիալական հարցերը՝ միաժամանակ շեշտը դնելով դաժանության վրա[4]։