Սելենա
From Wikipedia, the free encyclopedia
Սելենա Քինթանիլա Պերես (իսպ.՝ Selena Quintanilla-Pérez, հայտնի է Սելենա անվամբ, ապրիլի 16, 1971(1971-04-16)[1][2], Լեյք Ջեքսոն, Բրազորիա շրջան, Տեխաս, ԱՄՆ - մարտի 31, 1995(1995-03-31)[1][2], Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, մոդել, դերասանուհի և դիզայներ, 20-րդ դարի մեքսիկաամերիկացի ամենահաջողակ կատարողներից մեկը։ Երաժշտական քննադատներն ու հանրությունը նրան անվանել են «տեխանոյի թագուհի» (անգլ.՝ The Queen of Tejano music)[B 1], ինչպես նաև «տեխանո երաժշտության Մադոննա» (անգլ.՝ Tejano Madonna) ոճի զգացման համար[B 2]: Billboard ամսագրում Սելենան համարվել է 1990-ականների կոմերցիոն տեսակետից ամենահաջողակ լատինաամերիկացի կատարողը։ Սելենան ընդգրկվել է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լատինաամերիկյան կատարողների ցանկում, ինչպես նաև նրան է վերագրվում ժանրի դուրսբերումը մեյնսթրիմ[7][8]։
Սելենա | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Selena Quintanilla-Pérez |
Ի ծնե անուն | իսպ.՝ Selena Quintanilla |
Ծնվել է | ապրիլի 16, 1971(1971-04-16)[1][2] Լեյք Ջեքսոն, Բրազորիա շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 31, 1995(1995-03-31)[1][2] (23 տարեկան) Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ |
Գերեզման | Seaside Memorial Park |
Ժանրեր | փոփ, սոուլ, tejano music?, ժամանակակից R&B, լատինական փոփ, ռիթմ էնդ բլյուզ, mariachi? և Կումբիա |
Մասնագիտություն | երգչուհի, մամլո քարտուղար, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Q-Productions?, EMI Latin, Capitol Records, EMI, Universal Music Latin Entertainment և SBK Records? |
Կրթություն | California Miramar University? և American School of Correspondence? |
Ամուսին | Chris Pérez? |
Պարգևներ | |
Կայք | q-productions.com |
Ստորագրություն | |
Selena Վիքիպահեստում |
Սելենան երաժշտության ասպարեզում նորամուտը կատարել 1980 թվականին՝ որպես Selena y Los Dinos խմբի մենակատար։ 1980-ականներին երգչուհին հաճախ քննադատության էր ենթարկվել և մերժվել տեխանո երաժշտության կատարումների համար ամբողջ Տեխասում, քանի որ համարվում էր, որ դա տղամարդկանց հատուկ երաժշտական ժանր է։ Այնուամենայնիվ, Սելենայի ժողովրդականությունն աճել է 1987 թվականին՝ Tejano Music Awards «Լավագույն կանացի վոկալ» անվանակարգում հաղթելուց հետո։ Այս մրցանակը նրան է շնորհվել հաջորդ ինը տարներին անընդմեջ։ 1989 թվականին Սելենան պայմանագիր է կնքել EMI Latin-ի հետ և թողարկել է իր դեբյուտային սոլո ալբոմը` Selena, իսկ մեկ տարի անց` Ven Conmigo ձայնասկավառակը։
1992 թվականին Սելենան ներկայացրել է Entre a Mi Mundo ալբոմը, որը գլխավորել է Billboard Regional Mexican Albums հիթ-շքերթը և ութ ամիս անընդմեջ գլխավորել այն։ Սկավառակը կոմերցիոն հաջողություն է ունեցել, և երաժշտական քննադատներն այն համարել են մեծ առաջընթաց Սելենայի կարիերայում։ «Como la Flor» կոմպոզիցիան համարվում է երգչուհու ամենահայտնի սոլո երգերից մեկը։ Live! համերգային ալբոմի համար, որը թողարկվել է 1993 թվականին, երգչուհին արժանացել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն մեքսիկաամերիկյան ալբոմ» (անգլ.՝ Best Mexican-American Album) անվանակարգում և դարձել տեխանո ոճով կնոջ առաջին ալբոմը, որն ստացել է այդ մրցանակը։ 1994 թվականին Սելենան թողարկել է Amor Prohibido սկավառակը, որը եղել է Միացյալ Նահանգներում ամենալավ վաճառված լատինաամերիկյան ալբոմներից մեկը։ Սկավառակը նշանավորել էր տեխանո երաժշտության դարաշրջանի սկիզբը, որը շուկայում պահանջարկ ուներ և դարձել է այդ ժամանակաշրջանում լատինաամերիկյան երաժշտության ամենատարածված ենթաժանրերից մեկը։
1995 թվականի մարտի 31-ին Սելենայի վրա կրակել է Իոլանդա Սալդիվարը՝ նրա ընկերուհին և նրա խանութների նախկին մենեջերը։ Շուտով Սալդիվարը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ Երկու շաբաթ անց Ջորջ Բուշը երգչուհու ծննդյան օրը հայտարարել է Սելենայի օր Տեխասում։ Սելենայի՝ հետմահու թողարկված Selena's Dreaming of You (1995) անգլիական ալբոմը դարձել է լատինաամերիկյան կատարողի առաջին ալբոմը, որը Billboard 200 հիթ-շքերթում նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում։ 1997 թվականին Warner Bros. ստուդիան թողարկել է «Սելենա» ֆիլմը երգչուհու կյանքի և կարիերայի մասին, որում գլխավոր դերը կատարել է Ջենիֆեր Լոպեսը։
2016 թվականի դրությամբ՝ աշխարհում վաճառվել է Սելենայի ավելի քան 65 միլիոն սկավառակ, ինչի շնորհիվ նա դարձել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողակ կատարողը լատինաամերիկյան երաժշտության պատմության մեջ[9][10][11]։