Վուդիս
From Wikipedia, the free encyclopedia
«Վուդիս» (անգլ.՝ The Woodies), մականուն, տրված պրոֆեսիոնալ թենիսիստներ, զուգախաղի ավստրալիացի վարպետներ Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին։ Նրանք թենիսի պատմության մեջ եղել են ամենահաջող զույգերից մեկը։
«Վուդիս»-ը իր մեջ միավորել է Վուդֆորդի ձախից հարվածները և ցանցի մոտ Վուդբրիջի հիանալի ռեֆլեքսները։ Նրանք հինգ անգամ եղել են ATP Տարվա լավագույն զույգ և միասին շահել են ATP 61 մրցաշարերի հաղթողի տիտղոսներ։
«Վուդիս»-ը շահել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի 11 զուգախաղի տիտղոսներ, որոնցից մեկը Ֆրանսիայի բաց առաջնությունում, երկուսը Ավստրալիայի բաց առաջնությունում, երկուսը ԱՄՆ բաց առաջնությունում և վեցը Ուիմբլդոնի մրցաշարում։
Նրանց համատեղ շահած տիտղոսների թվին են դասվում նաև ոսկե մեդալը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում և արծաթե մեդալը 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում։
«Վուդիս»-ը հաճախ միավորվել է որպեսզի Ավստրալիայի հավախականի կազմում մասնակցի Դևիսի գավաթին և Ավստրալիայի հավախականի կազմում մասնակցել են Դևիսի գավաթի երեք եզրափակիչներում։ Նրանք օգնել են Ավստրալիային 1999 թվականին, 13 տարի անց, առաջին հաղթանակը տանելու Դևիսի գավաթում՝ ֆրանսիական Օլիվիե Դելատր-Ֆաբրիս Սանտորո զույգի նկատմամբ Փարիզում հաղթանակից հետո։
Նրանց համագործակցությունն ավարտվել է 2000 թվականին, երբ Մարկ Վուդֆորդը հեռացել է միջազգային թենիսից՝ ավարտելով պրոֆեսիոնալ կարիերան։ Թոդ Վուդբրիջը զուգախաղում իր հաջող ելույթները շարունակել է շվեդ Յոնաս Բյորկմանի հետ զույգով։ Սակայն 2004 թվականին Բլորկմանը նույնպես ավարտել է կարիերան և այնուհետև Վուդբրիջը համագործակցել է հնդիկ Մահեշ Բհուպատիի հետ՝ մինչ 2005 թվականին իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը։
2010 թվականի հունվարին՝ Ավստրալիայի Օրը, «Վուդիս»ը ընդգրկվել է թենիսի փառքի ավստրալիական սրահում՝ իրենց ականավոր հաջողությունների համար, իսկ նրանց բրոնզե արձանները, այլ ականավոր ավստրալիացի թենիսիստների արձանների հետ, տեղադրվել են Մելբուրնի այգում (անգլ.՝ Melbourne Park)։ 2010 թվականին նրանք ընդգրկվել են նաև Թենիսի փառքի միջազգային սրահում[1][2]։