Քլամիդիա
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակ / From Wikipedia, the free encyclopedia
Քլամիդիա, սեռական ճանապարհով փոխանցվող վարակ։ Հարուցվում է Chlamydia trachomatis-ի միջոցով[1]։ Վարակվածների մեծ մասը չունեն որևէ ախտանիշ[2]։ Ախտանիշների զարգացման համար կարող են պահանջվել շաբաթներ[2]։ Կանանց մոտ կարող է դրսևորվել հեշտոցից արտադրությամբ և միզարձակման ժամանակ մրմռոցով[2]։ Տղամարդկանց մոտ կարող է ուղեկցվել առնանդամից արտադրությամբ, մրմռոցով միզարձակման ժամանակ, ամորձիներից մեկի կամ երկուսի ցավով և այտուցով[2]։ Կանանց մոտ ինֆեկցիան կարող է բարձրանալ վերել ճանապարհով, բերելով փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների զարգացման, ինչը կարող է դառնալ անպտղության և արտարգանդային հղիության պատճառ[3]։ Աչքերում, ինֆեկցիայի բուժման բացակայության պայմաններում, կարող է առաջանալ տրախոմա, որը զարգացող երկրնեում կուրության հաճախ հանդիպող պատճառներից է[4]։
Քլամիդիոզ | |
---|---|
Chlamydia trachomatis-ը՝ ներկված հեմատոքսիլին էոզինով | |
Տեսակ | սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ և հիվանդության կարգ |
Պատճառ | Սեռական հարաբերության ժամանակ կամ ծննդաբերության ընթացքում փոխանցված Chlamydia trachomatis-ը |
Հիվանդության ախտանշաններ | Անախտանիշ, հեշտոցային արտադրություն, արտադրություն առնանդամից, այրոց միզարձակման ժամանակ |
Բժշկական մասնագիտություն | Վարակիչ հիվանդություններ, Գինեկոլոգիա, Ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 099.41 և 483.1 |
ՀՄԴ-10 | A55, A56.8, A70 և A74.9 |
Հոմանիշներ | Քլամիդիալ վարակ |
Ախտորոշում | Արգանդի վզիկից, հեշտոցից կամ միզուկից քսուկ, մեզի անալիզ |
Բուժում | Հակաբիոտիկներ՝ ազիթրոմիցին, դոքսիցիկլին |
Բարդություններ | Ցավ ամորձիներում, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ, անպտղություն, արտարգանդային հղիություն |
Կանխարգելում | սեռական հարաբերությունների բացակայություն, պահպանակ, մեկ ոչ ինֆեկցված զուգընկեր |
Սկիզբը | Վարակումից մի քանի շաբաթ անց |
Հանդիպման հաճախականություն | 4.2% (կանայք), 2.7% (տղամարդիկ) |
Մահերի քանակ | ~200 (2015) |
Chlamydia infections Վիքիպահեստում |
Քլամիդիան կարող է փոխանցվել հեշտոցային, անալ, և օրալ սեքսի ժամանակ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ վարակված մորից՝ երեխային[2]։ Աչքերում վարակը կարող է հայտնվել նաև մատների, ճանճերի օգնությամբ կամ կեղտոտ սրբիչի միջոցով[4]։ Chlamydia trachomatis-ը ախտահաում է միայն մարդկանց[5]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է 25 տարեկանից ցածր, սեռական ակտիվ կյանք վարորղ կանանց մոտ, ամենամյա սկրինինգ հետազոտության միջոցով, կամ հղիության կապակցությամբ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ[2][3]։ Կատարում են մեզի անալիզ և վերցնում են քսուք հեշտոցից, արգանդի վզիկից և միզուկից[3]։ Ռեկտալ և բերանային քսուքները վերցնում են այդ հատվածների ինֆեկցման կասկածի դեպքում[3]։
Կանխման համար անհրաժեշտ է օգտագործել պահպանակներ, ունենալ միայն մեկ չինֆեկցված զուգընկեր կամ չունենալ սեռական հարաբերություններ[2]։ Բուժվումն իրականացվում է հակաբիոտիկների օգնությամբ, կիրառելով օրինակ՝ ազիթրոմիցին կամ դոքսիցիկլին[3]։ Հղիության ժամանակ կամ նորածինների պարագայում, կիրառվում են էրիթրոմիցին կամ ազիթրոմիցին[3]։ Անհրաժեշտ է բուժել նաև հիվանդի ինֆեկցված զուգընկերոջը կամ զուգընկերներին։ Բուժման ընթացքում հիվանդները պետք է զերծ մնան սեռական հարաբերություններից յոթ օր, կամ մինչև բոլոր ախտանիշների անհետացումը[3]։ Հիվանդների մոտ պետք է ստուգվեն գոնորեան, սիֆիլիսը, և ՄԻԱՎ-ը[3]։ Բուժումից հետո հիվանդները երեք ամիս հետո պետք է կրկին հետազոտվեն[3]։
Քլամիդիան ամենատարածված ՍՃՓՎ-ներից է[6][7], աշխարհում ախտահարված են կանանց 4.2%-ը և տղամարդկանց 2.7%-ը։ 2015 թվականին գրանցվել է քլամիդիոզի 61 միլիոն նոր դեպք[1][8]։ ԱՄՆ-ում 2014 թվականին արձանագրվել է 1.4 միլիոն դեպք, գլխավորապես 15-25 տարեկան անձանց շրջանում[1][3]։ 2015 թվականին քլամիդիոզից մահացել է 200 հոգի[9]։ «Քլամիդիա» բառը ծագել է հուներեն «χλαμύδα» բառից և նշանակում է «ծածկված, քողարկված»[10]։