Ֆորտ Ուեյն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆորտ Ուեյն (անգլ.՝ Fort Wayne), քաղաք ԱՄՆ-ում՝ Ինդիանա նահանգի հյուսիսարևելյան մասում գտնվող Ալենի շրջանում, որի վարչական կենտրոնն է[3]։ Ընկած է Օհայո նահանգի հետ սահմանից 18 կիլոմետր դեպի արևմուտք[4], Միչիգանի հետ սահմանից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հարավ[5]։ Զբաղեցնում է 286,95 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2020 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 263.886. այդ ցուցանիշով Ֆորտ Ուեյնը երկրորդ տեղն է զբաղեցնում նահանգում՝ զիջելով միայն դրա մայրաքաղաքին՝ Ինդիանապոլսին, և 76-րդ տեղը՝ ԱՄՆ-ում[7]։ Ալենի և Ուայթլիի շրջաններով կազմավորված և Ֆորտ Ուեյնի անունը կրող մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2021 թվականի տվյալներով եղել է 423.038[8], իսկ քաղաքի մերձակա ութ շրջանների միավորմամբ ձևավորված վիճակագրական տարածքի (combined statistical area - CSA) բնակիչների թիվը՝ 649.105[9]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆորտ Ուեյն | |||||
անգլ.՝ Fort Wayne | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Հիմնադրված է | 1794 թ. | ||||
Մակերես | 287,037959 կմ², 287,053859 կմ² | ||||
ԲԾՄ | 247±1 մետր | ||||
Բնակչություն | ▲263 886 մարդ (2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 260 | ||||
Փոստային դասիչ | 46801–46809, 46814–46816, 46818, 46819, 46825, 46835, 46845, 46850–46869, 46885, 46895–46899, 46801, 46804, 46805, 46814, 46850, 46853, 46856, 46860, 46863, 46868 և 46896 | ||||
Պաշտոնական կայք | cityoffortwayne.org(անգլ.) | ||||
| |||||
Ֆորտ Ուեյնի բերդը հիմնվել ու կառուցվել է 1794 թվականին՝ ԱՄՆ-ի անկախության պատերազմի հեղափոխական հրամանատարներից մեկի՝ գեներալ Էնթընի Ուեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ[10]. վերջինիս անունով է կոչվել թե՛ բերդը և թե՛ բերդի շուրջը ձևավորված բնակավայրը[11], որի հիմնադրման տարեթիվ համարվում է 1823 թվականը։ Բնակավայրը բուռն ծաղկում է ապրել հատկապես Էրի լճի հետ կապող ջրանցքի, ինչպես նաև երկաթգծի համապատասխան ճյուղի շահագործման հանձնումից հետո[11], ինչի շնորհիվ քաղաքը հայտնվել է Rust Belt անվանումով հայտնի տրանսպորտային գոտում, մեծ թափով զարգացել են նրա արտադրական կարողությունները։ 21-րդ դարում Ֆորտ Ուեյնի տնտեսության կարևոր ճյուղերն են դարձել ռազմական արդյունաբերությունը, ուղևորների ու բեռների փոխադրումների կազմակերպումը, բիզնես, ֆինանսական, հյուրանոցային ու ժամանցային ծառայությունների մատուցումը[12]։
Ֆորտ Ուեյնը 1983, 1998, 2009, 2021 թվականներին արժանացել է All-America City Award մրցանակի[13], իսկ 1999 թվականին՝ Outstanding Achievement City Livability Award մրցանակի[14]։ Նրան տրված մականուն-պատվանուններից են՝ «Արևին հանդիպող քաղաք»-ը ("Summit City"-ն)[15], «Եկեղեցիների քաղաք»-ը ("City of Churches")[16], «Ինքն իրեն փրկած քաղաք»-ը ("City That Saved Itself")[17][18], «Աշխարհի՝ մագնիսական հաղորդալարով մայրաքաղաք»-ը ("Magnet Wire Capital of the World")[19][20]: