Բյուզանդական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս։ Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն (հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn)[1] կամ Ռոմանիա (Ῥωμανία)։ Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր[2][3]։ Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ Բյուզանդական կայսրությունում տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն[2]։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
| |||||
Քարտեզ2 | |||||
| |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս1 | ||||
Մակերես | 1.680.000 կմ2(395 թվական) | ||||
Բնակչություն | 17.000.000 (395 թվական) | ||||
Մակերես | 2.070.000 կմ2(565 թվական) | ||||
Բնակչություն | 26.000.000 (565 թվական) | ||||
Մակերես | 1.200.000 կմ2(1025 թվական) | ||||
Բնակչություն | 12.000.000 (1025 թվական) | ||||
Մակերես | 120.000 կմ2(1312 թվական) | ||||
Բնակչություն | 2.000.000 (1312 թ.) | ||||
Լեզու | Լատիներեն (մինչև 7-րդ դար), միջին հունարեն, հայերեն, ասորերեն, ղպտերեն, արաբերեն | ||||
Ազգություն | Հույներ, Հայեր, Ասորիներ, Սլավոններ, Ղպտիներ, Արաբներ | ||||
Կրոն | Ուղղափառություն, Հայ Առաքելական, Ասորի Ուղղափառ, Կաթոլիկություն | ||||
Արժույթ | Սոլիդուս, Հիպերպիրոն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Դինաստիա | Ավելի քան 20 դինաստիաներ | ||||
Պետության գլուխ | Կայսր | ||||
Օրենսդրություն | Բյուզանդական Սենատ | ||||
Պատմություն | |||||
- Հուստինիանոս I-ի գահակալում | 527-565 թվականներ | ||||
- Յարմուք գետի ճակատամարտ | 636 թվական | ||||
- Մանազկերտի ճակատամարտ | 1071 թվական | ||||
1 Կոստանդնուպոլիս (330–1204 թվականներ և 1261–1453 թվականներ)։ Նիկեայի կայսրության մայրաքաղաքը Նիկեան էր։ 2 Բյուզանդիայի անկման տարբեր տարեթվեր են նշվում. 1204 թվական՝ Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից, 1461 թվական՝ Տրապիզոնի գրավումը թուրք-օսմանների կողմից։ |
Ուսումնասիրողները բաժանում են Բյուզանդական կայսրության պատմությունը հետևյալ հիմնական փուլերի.
- 4-7-րդ դարի առաջին կես, անտիկ դարաշրջանից միջնադար անցման փուլ,
- 7-րդ դարի երկրորդ կես - 12-րդ դար, Բյուզանդիայի մուտքը միջնադար, ֆեոդալական կարգերի և հաստատությունների ձևավորման շրջան,
- 13-րդ դար - 15-րդ դարի առաջին կես, Բյուզանդիայի տնտեսական և քաղաքական անկման շրջան, որն ավարտվեց 1453 թվականին՝ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմամբ և պետության վախճանով[4]։
Հռոմեական կայսրությունից Բյուզանդական կայսրություն անցման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թվականին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը։ Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, «Կոստանդիանոսի քաղաք» («Նոր Հռոմ»)[Ն 1]:
Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի 395 թ․-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379-395 թվականներ)։ Սակայն «բուն» Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610-641 թվականներ), որը վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը բանակաթեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի[6]։
Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի՝ 4-րդ դարից մինչև 1453 թվականը։ Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով։ Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի։
1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը։ Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թվականներ) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թվականին, երբ խաչակիրները Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների։
Չնայած 1261 թվականին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ[3]։
14-րդ դարում պարբերաբար բռնկվող քաղաքացիական պատերազմների պայմաններում, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան պետությանը։ Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների՝ 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո։