Գեղարվեստական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Գեղարվեստական գրականություն, արվեստի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ։ Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր տեքստի այլ տեսակների հետ՝ փիլիսոփայական, հրապարակախոսական, գիտական և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող բանահյուսական ստեղծագործությունների։