Սառցադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Սառցադաշտեր, երկրի մակերևույթին մթնոլորտային պինդ տեղումներից գոյացած, շարժվող սառցի բնական կուտակումներ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Առաջանում են մերձբևեռային շրջաններում և բարեխառն կամ արևադարձային լայնությունների լեռների բարձրադիր մասերում (ձյան սահմանից բարձր), որտեղ տարվա ընթացքում տեղումներն ավելի են, քան դրանք հալվում ու գոլորշիանում են։ Ձևաբանական տեսակետից սառցադաշտերը բաժանվում են ցամաքային սառցադաշտային ծածկութային, ծանծաղուտային (շելֆային) և լեռնային տիպերի։ Ձյան վերածումը ֆիռնի, ֆիռնային սառցի, ապա սառցադաշտային սառցի, տեղի է ունենում կուտակման վերին շերտերի ճնշման, վերաբյուրեղացման, մասամբ հալքի ու սառելու հետևանքով։ Ծանրության ուժի ազդեցությամբ սառցադաշտերի մարմնում առաջանում է լարվածության դաշտ, սառցադաշտերը ձևափոխվում և շարժվում են թեքության ուղղությամբ։ Սառցադաշտերի կարևոր հատկություններից մեկը շարժումն է։ Լեռնային երկրներում սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մ-ից մինչև մի քանի հարյուր մ։ Հիմալայների որոշ սառցադաշտերի շարժման արագությունը տարեկան մինչև 700—1300 մ է, Անտարկտիդայի ծանծաղուտային սառցադաշտերինը՝ մինչև 7—13,8 կմ։
Գրենլանդական մի քանի սառցադաշտերի շարժման արագությունը օրական 40 մ է։ Սառցադաշտերի արշավի դեպքում շարժման արագությունը մի քանի անգամ ավելանում է։ 1963 թվականին Պամիրում՝ Վանչի հովտում սառցադաշտի լեզվակը առաջ մղվեց 1600 մ։ Սառցադաշտերը ենթարկվում են աբլյացիայի ծախսվում են հալվելու, գոլորշիանալու կամ մեխանիկական հեռացման (այսբերգներ) ճանապարհով։ Լեռնային սառցադաշտերի աբլյացիայի հիմնական ձևը հալքն է, որից առաջանում են սառցադաշտային ջրեր, և սկիզբ են առնում գետեր։ Սառցադաշտերի չափերը պայմանավորված են սնման ու աբլյացիայի փոխհարաբերությամբ։ Սնման մեծացման դեպքում սառցադաշտերն արշավում են, պակասելու դեպքում՝ նահանջում։ Անթրոպոգենում Երկրի վրա նկատվել են սառցադաշտերի արշավի ու նահանջի մի քանի փուլեր։ Հնագույն սառցապատումների հետքեր պահպանվել են նաև Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա և Զանգեզուրի լեռներ)։
Շարժման ընթացքում սառցադաշտերը կատարում են քայքայիչ (առաջացնելով կրկեսներ, կառեր, տրոգներ, խոյի ճակատներ, գանգրահեր ժայռեր) և կուտակումային (մորեններ, օզեր, դրումլիններ, թմբաշարեր) աշխատանք, իսկ սառցադաշտերի եզրերին առաջացած լճերում նստում են սառցադաշտային ջրերի նստվածքներ։ Սառցադաշտերի ժամանակակից տարածումը Երկրի վրա 16,1 միլիոն կմ2 է (ցամաքի մակերեսի 11%-ը), ծավալը՝ մոտ 30 միլիոն կմ3։ ՍՍՀՄ-ում սառցադաշտերը գրավում են 71665 կմ2 տարածություն։ Ամենամեծը Անտարկտիդայի ծածկոցային սառցադաշտն է (14,4 միլիոն կմ2)։ Բերինգի լեռնային սառցադաշտը (Հս․ Ամերիկա) ունի 170 կմ, Ֆեդչենկոյինը (ՍՍՀՄ-ում)՝ 77 կմ երկարություն։ Սառցադաշտերն ամբարում են քաղցրահամ ջրի վիթխարի պաշարներ։
Այսօր շատ լեռնաշղթաների բարձրադիր հովիտներում սառցադաշտեր կան, թեև դրանցից շատերը ավելի արագ են հալվում, քան համալրվում են ձյունով։ Սա նշանակում է, որ սառցադաշտի հովտային (ստորին) եզրը շարունակ նահանջում է դեպի լեռների ավելի բարձր մասերր։ Այսօրվա լեռնային սառցադաշտերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանում հովիտները պատած հսկա սառցադաշտերի փոքր մնացորդներ։ Տասր հազար տարի առաջ սառցադաշտերը սկսել են հալվել ավելի արագ, քան վերականգնվել են նոր ձյունով։ Նոր սառցադաշտերի ստեղծման համար կպահանջվեր նույնքան ժամանակ։ Վերջին 2 միլիոն տարում սառցադաշտեր են առաջացել, երբ ցուրտ, խոնավ սառցադաշտային ժամանակաշրջաններին հաջորդել են ավելի տաք, միջսառցադաշտային ժամանակաշրջաններ։ Ենթադրվում է, որ Երկիրն այժմ գտնվում է սառցադաշտերի հալման՝ միջսառցադաշտային ժամանակաշրջանում։ Հովիտներում գոյացած սառցադաշտերից հոսող ջուրը լայնացնում և խորացնում է հովիտների հունը, առաջացնելով Ս-աձև իջվածք։ Հալվող սառցադաշտերը շրջափակվում են նստվածքների մեծ բլուրներով, որոնք սառույցի հալվելուց հետո էլ պահպանվում են։ Նստվածքի կտորները, պոկվելով շրջակա ապարներից, սառցադաշտերով տեղափոխվում են սարերն ի վար։ Այս ձևով սառցադաշտերը լեռնագագաթներից հսկայական ժայռաբեկորներ են ցած բերում։