Ասպատակություն (պատմվածք)
From Wikipedia, the free encyclopedia
«Ասպատակություն։ Կամավորի պատվածքը» (ռուս.՝ «Набе́г. Расска́з волонтёра»), (ինչպես նաև՝ ուղղակի «Ասպատակություն»), պատմվածք։ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի առաջին պատմվածքը, ինչպես նաև կովկասյան շարքի ստեղծագործություններից առաջինը և նրա՝ հրատարակված գրական աշխատանքներից երկրորդը («Մանկությունից» հետո)։
Ասպատակություն | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Լև Տոլստոյ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1852 |
Տեսարան | Կովկաս |
Հրատարակվել է | 1853 |
Պատմությունը ներկայացվում է կամավորի կողմից, որը մասնակցել է լեռնային գյուղի վրա ռուսական գումարտակի զինված արշավանքին: Պատմվածքը հիմնված է իրական դեպքերի վրա. 1851 թվականի հունիսին նման արշավանքի մասնակցել է ինքը՝ Տոլստոյը, իսկ այն գրելու աշխատանքները սկսել է 1852 թվականի մայիսից։ Իրական հիմքն արտացոլվել է նաև գործող կերպարներում. նրանցից շատերի նախատիպը հանդիսացել են Տոլստոյի հետ ծառայած զինվորները։ Նա աշխատանքն ավարտել է 1852 թվականի դեկտեմբերին և պատմվածքն ուղարկել Նիկոլայ Նեկրասովի «Սովրեմեննիկ» ամսագիր, որտեղ և երեք ամիս անց տպագրվել է:
Պատմվածքում Տոլստոյը իրական քաջության գաղափարի փնտրտուքի մեջ է։ Գլխավոր հերոսը դուրս է բերում բանաձևը. «…քաջ է նա, ով վախենում է միայն նրանից, ինչից պետք է վախենալ, բայց ոչ նրանից, ինչից չպետք է վախենալ»։ Պարզվում է՝ այդպիսին է կապիտան Խլոպովը, հասարակ զինվոր, որի մեջ «շատ քիչ ռազմատենչություն կար»։ «Ասպատակությունն» արտահայտում է նաև գրողի քննադատական վերաբերմունքը պատերազմի նկատմամբ:
Շնորհիվ «Ասպատակության» և կովկասյան շարքի մյուս ստեղծագործությունների՝ Տոլստոյը իր ստեղծագործության վրա է գրավում բազմաթիվ ընթերցողների, հատկապես՝ զինվորական կոչում ունեցողների, ինչպես նաև՝ քննադատների ուշադրությունը։ Վերջիններիս պատմվածքը հիմնականում դուր էր եկել: