Արհեստական կանեփ
From Wikipedia, the free encyclopedia
Արհեստական կանեփ կամ Սպայս (անգլ.՝ «Spice» կամ Synthetic cannabis, synthetic marijuana), հոգեներգործուն միջոցներ, որոնք նմանակում են կանեփի ազդեցությանը, սակայն իրենցից ներկայացնում են բույսերի վրա ցողվող արհեստական միջոցներ[1]։ Գոյություն ունեն հոգեակտիվ արհեստական կանեփի մի քանի ընտանիքներ (օրինակ՝ AM-xxx, HU-xxx, JWH-xxx, CP xx), որոնք օգտագործվում են բույսերի վրա ցողելու համար և վաճառվում են որպես բնական թմրամիջոցներ՝ տարբեր բրենդային անվանումների ներքո, օրինակ՝ K2[2] և Spice[3], որոնք երկուսն էլ ընդհանրական ապրանքանիշեր են, որոնք օգտագործվում են արհեստական կանեփի ցանկացած արտանդրանքի համար։ Արհեստական կանեփը հաճախ պարզապես սպայս են անվանում։
Երբ արհեստական կանեփի խառնուրդներն առաջին անգամ ի հայտ եկան 2000-ական թվականներին, թվում էր, թե դրանք ստացվել են բնական բուսական խառնուրդների միջոցով։ 2008 թվականին կատարված լաբորատոր հետազոտությունները ցույց տվեցին, որ դա չի համապատասխանում իրականությանը, և դրանք իրականում պարունակում են արհեստական նյութեր, որոնք օրգանիզմի վրա ազդում են ճիշտ նույն կերպ, ինչ բնական կանեփը, սակայն ոչ մի առնչություն չունեն վերջինիս հետ։ Արհեստական կանեփի մի մեծ ու բարդ բազմազանություն, առավել հաճախ կանաբիցիկլոհեքսանոլը, JWH-018-ը, JWH-073-ը կամ HU-210-ը, օգտագործվում են՝ նպատակ ունենալով շրջանցել օրենքները և ներկայացնել արհեստական կանեփը որպես միջոց, որն օրինական կերպով կարող է շրջանառվել (դիզայներական թմրամիջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները․ սինթեզվում են այնպիսի նյութեր, որոնք մարդու օրգանիզմի վրա ունենում են հոգեակտիվ ներգործություն, թմրաազդեցություն, սակայն դուրս են օրենքով ու իրավական ակտերով նախատեսված հսկվող և արգելվող նյութերի ցանկերից)։ Այն վաճառվում է բազմաթիվ տարբեր բրենդային անվանումների ներքո, համացանցով, ձեռքի վրա, տարբեր խանութներում։
Շուկայում այն հաճախ ներկայացվում է որպես «բուսական խունկ», այնուամենայնիվ, որոշ ապրանքանշաններ իրենց արտադրանքը վաճառում են՝ ներկայացնելով որպես «ծխելու համար նախատեսված բուսական խառնուրդներ»։ Երկու դեպքում էլ այդ արտադրանքը սպառողները գործածում են ծխելու միջոցով։ Չնայած արհեստական կանեփը թմրամիջոցի հայտնաբերման թեստերի ժամանակ չի հայտնաբերվում, սակայն դրա մետաբոլիտները հնարավոր է հայտնաբերել մարդու մեզի մեջ։ Արհեստական կանեփի արտադրանքում պարունակվող արհեստական կանաբինոիդները եվրոպական մի շարք երկրներում համարվում են անօրինական, այդ թվում՝ Ռուսաստանում[4], ԱՄՆ-ում[5], Եվրամիության բազմաթիվ երկրներում[6], Հայաստանում[7]։