Բելկա և Ստրելկա
From Wikipedia, the free encyclopedia
Բելկա և Ստրելկա, խորհրդային տիեզերագնաց շներ, առաջին կենդանիները, որոնք կատարել են տիեզերական ուղեծրային թռիչք և անվնաս վերադարձել Երկիր։ Թռիչքը տեղի է ունեցել «Սպուտնիկ-5» տիեզերանավով։ Մեկնարկել է 1960 թվականի օգոստոսի 19-ին[1] և տևել շուրջ 25 ժամ։ Այդ ընթացքում տիեզերանավը Երկրի շուրջը 17 շրջապտույտ է կատարել։
Բելկա և Ստրելկա | |
---|---|
Այլ անուններ | Ալբինա և Մարկիզա |
Տեսակ | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
Սեռ | Էգեր |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Դեր | շուն-տիեզերագնացներ |
Ակտիվ տարիներ | 20-րդ դարի 50-ից 60-ական թվականներ |
Belka and Strelka Վիքիպահեստում |
Փորձարկման հիմնական նպատակն էր ուսումնասիրել կենդանիների և այլ կենսաբանական օբյեկտների վրա տիեզերական թռիչքների գործոնների (գերբեռնում, երկարատև անկշռություն, անցումը գերբեռնումից անկշռության և հակառակը) ազդեցությունը, կենդանական և բուսական օրգանիզմների, նրանց կենսագործունեության և ժառանգականության վրա տիեզերական ճառագայթման ազդեցությունը, ինչպես նաև փորձարկել մարդու կենսագործունեությունը, թռիչքի անվտանգությունը և Երկիր բարեհաջող վերադարձն ապահովող համակարգերը։ Կատարվել են նաև մի քանի բժշկակենսաբանական փորձարկումներ և տիեզերական տարածություն գիտական հետազոտություններ։
Բելկան և Ստրելկան փոխարինում էին Չայկա և Լիսիչկա շներին, որոնք 1960 թ. հուլիսի 28-ին մահացել էին նույնպիսի տիեզերանավի չհաջողված թռիչքի պատճառով։ Թռիչքի 23-րդ վայրկյանին քանդվել էր կրող-հռթիռի կողմնային բլոկի առաջին աստիճանը, ինչի արդյունքում այն ընկել և պայթել էր[2]։