Բիշոփ Ռոք
From Wikipedia, the free encyclopedia
Բիշոփ Ռոք (անգլ.՝ Bishop Rock), աշխարհի ամենափոքր կառուցապատված կղզին է՝ համաձայն Գինեսի ռեկորդների գրքի[1]։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող և Միացյալ Թագավորությանը պատկանող Սիլլի կղզիների կազմում է։ Հաճախ պնդում են, որ Անգլիայի ամենաարևմտյան կետն է, բայց կղզուց մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, դեպի արևմուտք գտնվում է Քրիմ Ռոքս (անգլ.՝ Crim Rocks) ժայռը։ Կղզու մակերեսը 720 մ² է, ունի 45 մ երկարություն և ծովի մակերևույթից բարձրանում է 16 մ[2]։
Տեսակ | կղզի |
---|---|
Վարչական միավոր | Սիլլի կղզիներ |
Գտնվում է ափին | Ատլանտյան օվկիանոս |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
ԲԾՄ | 49 մետր |
Bishop Rock Վիքիպահեստում |
Սիլլի կղզիների ջրերը համարվում են բրիտանական ծովերում ամենավտանգավորը, այստեղ բազմաթիվ նավաբեկություններ են եղել։ Այն բանից հետո, երբ 1707 թվականին ադմիրալ Կլաուդեսլիի նավատորմը այստեղ 2000 մարդ է կորցրել, որոշվել է տարածքում փարոս կառուցել[3]։ Կղզում փարոս կառուցելու առաջին փորձը եղել է 1847 թվականին, բայց կառույցը չի դիմացել ալեկոծությանը և 1850 թվականի փետրվարի 5-ին ջուրը քշել, տարել է այն[2]։ Երկրորդ փորձը հաջորդել է չորս տարի անց և ավարտվել է 1858 թվականին և սկսել է գործել սեպտեմբերի 1-ից։ Ճարտարագետ Ջեյմս Ուոքերը օգտագործել է խոշոր գրանիտե բլոկներ՝ սկզբնական շրջանում դրանք կշռում էին 3000 տ, իսկ հետագա բարելավումներից և հավելումներից հետո՝ 6000 տ։ 1881 թվականին ճարտարագետ Ջոն Դուգլասի նախագծով, փարոսը ամրացնելու նպատակով՝ շուրջբոլորը գոտի են ավելացրել։ Կառույցը տասհարկանի է[2]։
Կառույցը գրանիտե բլոկներից է և ներսից ամրացված է երկաթե հեծաններով, իսկ ստորին հատվածը երեսապատված է գրանիտե հավելյալ շերտով։ Աշտարակի բարձրությունը 49 մետր է, իսկ լույսի հեռավորությունը 24 ծովային մղոն։ 1976 թվականին աշտարակի գլխին ուղղաթիռի վայրէջքի հրապարակ է կառուցվել[4]։ 1992 թվականից ավտոմատացվել է, որից հետո մշտական բնակիչներ չունի։ Չորս այցելու կարող են մեկից-երեք շաբաթ հյուրընկալվել փարոսում[4]։
Էլեկտրական լուսավորությունը փարոսում հայտնվել է միայն 1979 թվականին։ Ժամանակակից էլեկտրամատակարարումը ապահովում են արևային վահանակները։ Նախապես փարոսը աշխատել է մոմերով, իսկ ավելի ուշ՝ նավթային և պարաֆինային լամպերով[5]։
1875 թվականի մայիսի 7-ին կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից մեկը։ Նավարկության սխալի պատճառով «Շիլլեր» առագաստային շոգենավը խրվել է ծանծաղուտըլ։ Մահացել են 335 մարդ, փրկվել են միայն 37-ը։