Բուպրենորֆին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բուպրենորֆին (անգլ.՝ Buprenorphine, ռուս.՝ Бупренорфин), թեբաինի ափիոնային տիպի կիսասինթետիկ ածանցյալ։ Այն օփիոիդային ընկալիչների նկատմամբ խառն ազդեցությամբ ագոնիստ-անտագոնիստ է, որը մեծ դեղաչափերով օգտագործվում է ափիոնային կախվածությամբ տառապող հիվանդների բուժման նպատակով։ Ոչ ափիոնային կախվածությամբ տառապող անձանց դեպքում այն փոքր դեղաչափերով օգտագործվում է ուժեղ ցավը մեղմելու, իսկ քրոնիկական ցավերի դեպքում՝ անգամ ավելի փոքր դեղաչափերով այդ ցավերը կառավարելու նպատակով[1]։ Այն հասանելի է տարբեր անվանումներով՝ Սուբուտեքս, Սուբոքսոն, Զուբսոլվ (հիմնականում գործածվում է ափիոնային կախվածության ժամանակ), Տեմգեսիք (ուժեղ ցավի մեղմման ենթալեզվային հաբեր), Բուպրենեքս, Նորսպան և Բուտրանս (տրանսդերմալ (մաշկի վրա բացվածք անելու միջոցով) դեղորայք քրոնիկական ցավերի համար)[2]։
Բազմաթիվ երկրներում կիրառվում է ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվող փոխարինող բուժման նպատակով՝ որպես ավելի անվտանգ փոխարինող միջոց, քան մեթադոնն է։ Փոխարինող բուժման մեջ առավել լայն կիրառման համար սահմանափակող գործոն է հանդիսանում բուպրենորֆինի թանկ գինը (ըստ գնահատումների՝ ավելի քան 10 անգամ թանկ է մեթադոնից)։