Գեոմորֆոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Գեոմորֆոլոգիա (հունարեն՝ γῆ—Երկիր, հունարեն՝ μορφή—ձև, հունարեն՝ λόγος—ուսմունք), գիտություն Երկրի մակերևույթի ռելիեֆի մասին։ Ուսումնասիրում է ցամաքի, օվկիանոսների և ծովերի հատակի ռելիեֆի ձևերը, ծագումը, հասակը, զարգացման օրինաչափությունները, ժամանակակից դինամիկան, ներքին և արտաքին ուժերի հակազդեցությունը։ Ներքին և արտաքին ուժերի միաժամանակյա ներգործությունը պայմանավորում է ռելիեֆագոյացման պրոցեսները։ Երկրի ռելիեֆի փոփոխման կարևոր գործոն է նաև մարդկային հասարակության գործունեությունը։ Ռելիեֆի տիպերը կոչվում են նրանց ստեղծող գործոններից առաջատարի անունով, օրինակ՝ տեկտոնական, հրաբխային, սառցադաշտային։ Իր զարգացման ընթացքում ռելիեֆը ծագումնային մի տիպից կարող է վերածվել մյուսին, նայած գործոնի ազդեցության ինտենսիվությանը (օրինակ, հրաբխայիևը՝ սառցադաշտայինի, տեկտոնականը՝ կարստայինի)։ Գեոմորֆոլոգիայի տեղը Երկրի մասին գիտությունների համակարգում որոշվում է երկրակեղևի, հիդրոսֆերայի, մթնոլորտի, բիոսֆերայի միջև կատարվող պրոցեսների փոխհարաբերությամբ, որով և նա դառնում է մի սահմանային գիտություն երկրաբանության և ֆիզիկական աշխարհագրության միջև։ Գեոմորֆոլոգիայում առանձնացվում են մի շարք ճյուղեր։