Գիլգամեշ (էպոս)
From Wikipedia, the free encyclopedia
Գիլգամեշ, շումերաբաբելական հերոսական էպոսի պայմանական անվանումը։ Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքի գրականության խոշորագույն նմուշներից մեկը։ Էպոսն ստեղծվել է աքքադերենով շումերական ավանդազրույցների հիման վրա մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած մ․թ․ա․ 18-17-րդ դարերից։ Նրա առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների ժամանակ։ Այն գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր սեպագրերով, ներառում է շուրջ երեք հազար տող և թվագրված է մ.թ.ա. 7-րդ դարով։ Քսաներորդ դարում գտնվել են նաև հատվածներ էպոսի այլ տարբերակներից, այդ թվում՝ խուռիերեն և խեթերեն։
Գիլգամեշ | |
---|---|
Անվանվել է | Գիլգամեշ արքա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էպոս |
Բնօրինակ լեզու | աքքադերեն |
Կերպար(ներ) | Գիլգամեշ արքա |
Ստեղծման տարեթիվ | -2100 |
Epic of Gilgamesh Վիքիպահեստում |
Էպոսի գլխավոր հերոսներն են Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալ Գիլգամեշն ու Էնկիդուն, որոնց մասին պահպանվել են նաև առանձին երգեր շումերերենով, որոնցից մի քանիսը ստեղծվել են դեռ III հազարամյակի առաջին կեսին։ Առավել լավ է պահպանված աքքադական «Ամեն ինչ տեսածի մասին...» մեկնակերպը, որի գրառումը գալիս է մ.թ.ա. 19-18-րդ դարերից։ Տաղաչափությունը շեշտային է (բանատողի մեջ հիմնականում չորս շեշտակիր վանկ)։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի գծերը՝ ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի շարք սխրանքներ են կատարում), աստվածապայքարի մոտիվները (Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)[1]։ Հերոսները ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Խումբաբան, որ պահպանում է սրբազան մայրիները։ Նրանց սխրանքներին հետևում են աստվածները, որոնք շումերական երգերում ունեն շումերերական անուններ, իսկ Գիլգամեշի մասին էպոսում՝ աքքադական։ «Գիլգամեշի մասին էպոսը» հիմն է ընկերությանը, որ ոչ միայն օգնում է արտաքին խոչընդոտների հաղթահարմանը, այլև վերափոխում է, ազնվացնում։
Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է երանելի Ուտնապիշտիմի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձն առևանգում է այն (անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ[1]։