Դեյան Սավիչևիչ
From Wikipedia, the free encyclopedia
Դեյան Սավիչևիչ (չեռնոգորերեն՝ Dejan Savićević, սերբական կիրիլիցա՝ Дејан Савићевић, dějan saʋǐːtɕeʋitɕ. սեպտեմբերի 15, 1966(1966-09-15), Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան, 2004 թվականից Չեռնոգորիայի ֆուտբոլի ընկերակցության (ասոցիացիայի) նախագահ[1]։
Դեյան Սավիչևիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | Չեռնոգորիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 15, 1966(1966-09-15) (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պոդգորիցա, Չեռնոգորիա |
Ակումբ՝ | Ռապիդ Վիեննա, FK Budućnost Podgorica?, Ցրվենա Զվեզդա, Միլան ՖԱ, Ցրվենա Զվեզդա և Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
178 սանտիմետր | |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Սավիչևիչը 1990-ական թվականներին համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և շարունակում է համարվել Չեռնոգորիայի և Հարավսլավիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[2]։ Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում՝ իտալական «Միլան»-ում հանդես գալու տարիներին իտալացի մարզական լրագրողները նրան տվել են Il Genio (Հանճար) մականունը։
Մարզական կարիերան Սավիչևիչն սկսել է հայրենի քաղաքի՝ Տիտոգրադի (ներկայիս Պոդգորիցայի) «Բուդուչնոստ» թիմում։ 1988 թվականին տեղափոխվել է Հարավսլավիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» («Կարմիր աստղ») ակումբ, դարձել աչքի ընկնող խաղացողներից մեկը մի թիմի, որը 1990–91 մրցաշրջանում Եվրոպայի գավաթն է նվաճել, իսկ Սավիչևիչն անհատապես «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակի համար 1991 թվականին իրականացված քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել։ Հաջորդ տարի նա մեծագումար գործարքի արդյունքում տեղափոխվել է իտալական «Միլան», որի կազմում երեք անգամ հռչակվել է A սերիայի չեմպիոն, 1993–94 մրցաշրջանում էլ՝ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր, ինչպես նաև՝ նվաճել է այլ մրցանակներ։ Այնուհետև 1999 թվականին կես մրցաշրջան հանդես է եկել Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ում, ապա տեղափոխվել Վիեննայի «Ռապիդ», որտեղ էլ 2001 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան։ Դրանից հետո երկու տարի՝ 2001-2003 թվականներին գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է Սերբիայի և Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ 2004 թվականին ընտրվել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ և այնուհետև հինգ անգամ վերընտրվել այդ պաշտոնում։
Որպես ֆուտբոլիստ՝ միջազգային մրցումներում Սավիչևիչը ներկայացրել է Հարավսլավիան, որի հավաքական թիմի կազմում մասնակցել է 1990 և 1998 թվականների աշխահի առաջնություններին։ Մասնագետների կարծիքով՝ լավագույն մրցախաղերում նրա խաղաոճը կարելի է նմանեցնել ներկայումս իր կարիերան փայլուն կերպով շարունակող Մեսսիի խաղաոճին։