Դոնժոն
From Wikipedia, the free encyclopedia
Դոնժոն (ֆր.՝ donjon — քաղաքային աշտարակ), եվրոպական ֆեոդալական ամրոցների գլխավոր աշտարակը։
Ի տարբերություն ամրոցի պատերի աշտարակների` դոնժոնը գտնվում է ամրոցային պատերից ներս` սովորաբար ամենաանմատչելի և լավ պաշտպանված տեղում։ Դոնժոնը հիմնականում կապված չի լինում ամրոցի մյուս մասերի հետ. այն կարծես առանձին ամրոց լինի ամրոցի ներսում։ Դոնժոնը կառուցվել է փայտից կամ քարից, ունեցել երեք հարկ։ Որպես կանոն այն ունեցել է նեղ սրահներ, որոնք նախատեսված չեն եղել բնակության համար։ Բնակելի տներ կառուցվել են դոնժոնից որոշակի հեռավորության վրա, իսկ գլխավոր աշտարակն ունեցել է ռազմական և խորհրդանշական նշանակություն[1]։ Դոնժոնի ներսում հաճախ տեղակայվել են ամրոցի համար կարորություն ներկայացնող տարբեր սրահներ` զինագործական սենյակներ, պահեստներ, գլխավոր ջրհորը։
Չնայած ամրոցները եղել են աշտարակներով կառույցներ` ներսում դոնժոն ունեցող, սակայն նրանցից շատերը բաղկացած են եղել միայն կենտրոնական աշտարակից` առանց ամրոցային պատերի։ Այդպիսի օրինակ է Վաո ամրոցը Էստոնիայում։
Դոնժոններն իրենց արտաքին տեսքով շատ բազմազան են։ Այսպես` Մեծ Բրիտանիայում տարածված են եղել քառանկյուն աշտարակները։ Հանդիպում են նաև շրջանաձև, ութանկյուն, ուղղանկյուն, անկանոն բազմանկյան ձևով դոնժոններ։ Դրանց ձևերի փոփոխությունը պայմանավորված է ճարտարապետության և ամրոցային տեխնիկայի զարգացմամբ։ Շրջանաձև և բազմանկյուն աշտարակները ավելի լավ են դիմակայել ռումբերին։ Հաճախ դոնժոն կառուցելիս հաշվի են առել տեղանքի ռելիեֆը` այն կառուցելով բարձունքում։
Դոնժոնից պետք է տարբերել բերգֆրիդը (գերմ.՝ Bergfried)` ամրոցի գլանաձև աշտարակը, որ տարածված է եղել միջնադարյան Գերմանիայում և Չեխիայում։