Երիկամաքարային հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Երիկամաքարային հիվանդություն կամ միզաքարային հիվանդություն, հայտնի է որպես ուրոլիթիազ, բնութագրվում է արտազատական համակարգում պինդ նյութի մասնիկների՝ երիկամային քարերի առաջացմամբ[2]։ Երիկամային քարերը սովորաբար առաջանում են երիկամներում և օրգանիզմից հեռանում մեզի հոսքի հետ[2]։ Եթե քարը 5 միլիմետրից մեծանում է, կարող է առաջացնել միզածորանի խցանում, ինչը ուղեկցվում է գոտկատեղի հատվածում ուժեղ ցավով[2][3]։ Քարը կարող է առաջացնել սրտխառնոց, մեզի մեջ արյան առկայություն կամ դժվարամիզություն[4]։
Երիկամաքարային հիվանդություն միզաքարային հիվանդություն, ուրոլիթիազ[1] | |
---|---|
8մմ տրամագծով երիկամային քարի գունավոր լուսանկար | |
Հիվանդության ախտանշաններ | Գոտկատեղի կամ որովայնի ուժեղ ցավ, արյունամիզություն, սրտխառնոց, փսխում |
Բուժաքննություն | Հիմնված է ախտանիշների, մեզի քննության, բժշկական նկարահանման վրա |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա և նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 592.0, 592.1 և 592.9 |
ՀՄԴ-10 | N20 |
Kidney stones Վիքիպահեստում |
Մարդկանց կեսի մոտ տասը տարվա ընթացքում նորից քար է ձևավորվում[5]։ Քարերի մեծամասնությունը առաջանում է ժառանգականության և միջավայրի գործոնների զուգակցման արդյունքում[4]։ Ռիսկի գործոնները ներառում են մեզի մեջ կալցիումի բարձր մակարդակը (հիպերկալցիուրիա), ճարպակալումը, կալցիումային հավելումները, հիպերպարաթիրեոզը, հոդատապը, որոշ սննդամթերքներ, դեղանյութեր և բավարար չափով հեղուկներ չխմելը[4][6]։
Նրանք, ովքեր ունեցել են քարեր, կարող են կանխարգելել նոր քարերի առաջացումը՝ շատ հեղուկ խմելով, որպեսզի օրվա ընթացքում երկու լիտրից ավելի մեզ արտադրվի[7]։ Եթե դա բավականաչափ արդյունավետ չէ, կարելի է ընդունել թիազիդային միզամուղներ, ցիտրատներ (կիտրոնաթթվի ածանցյալներ) կամ ալոպուրինոլ[7]։ Խորհուրդ է տրվում խուսափել ֆոսֆորական թթու պարունակող զովացուցիչ ըմպելիքներից (օրինակ՝ կոլա)[7]։ Եթե քարը ախտանիշներ չի առաջացնում, բուժում չի նշանակվում, և սահմանվում է հսկողություն[4]։ Ախտանիշների առկայության պարագայում առաջին հերթին նշանակվում են ցավազրկողներ, օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ կամ օպիոիդներ[3][8]։ Մեծ քարեր ընկնելուն կարելի է օժանդակել տամսուլոսին դեղամիջոցով[9] կամ արտամարմնային հարված-ալիքային լիթոտրիպսիայի՝ քարափշրման պրոցեդուրայով[4], ուրետրոսկոպիայով կամ ենթամաշկային նեֆրոլիթոտոմիայով[4]։
Աշխարհում մարդկանց 1-ից 15%-ը իրենց կյանքի ինչ-որ փուլում ունենում են երիկամային քարեր[6]։ 2015 թվականին 22.1 միլիոն դեպք է գրանցվել[10], ինչը հանգեցրել է մահվան 16,100 դեպքի[11]։ Դրանք արևմտյան երկրներում ավելի հաճախ սկսել են հանդիպել 1970թ․-ից[6]։ Սովորաբար երիկամային քարերը տղամարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ[4]։ Երիկամային քարերի առկայությունը մարդկանց մոտ նկարագրվել է մարդկության պատմության ընթացքում։ Մ․թ․ա․ 600 թվականին թվագրվող վկայություններ կան երիկամային քարերի հեռացման վիրահատությունների վերաբերյալ[1]։