Զբոսաշրջությունը Խորվաթիայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Խորվաթիայում, երկրի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 2012 թվականին Խորվաթիան ունեցել է 11.8 միլիոն զբասաշրջիկ այցելու[1], իսկ 2013 թվականին ավելի քան 14 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր Խորվաթիայում գիշերել են 73,25 միլիոն անգամ[2][3]։ Երկրի նպատակն է 2020 թվականին կրկնապատկել այս թվերը՝ զբոսաշրջիկների թիվը հասցնելով 17,5 միլիոնի, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտը՝ 17 միլիարդի[4]։
Խորվաթիայի գլխավոր զբոսաշրջային զոնան Ադրիատիկ ծովի ափերն են և ափի երկայնքով տարածված բազմաթիվ կղզիները, որոնք հրապուրում են զբոսաշրջիկներին իրենց ափերով, մեղմ կլիմայով և բավական լավ պահպանված դալմաթյան հնագույն քաղաքներով[5]։
Ադրիատիկի ափերը հայտնի վայր է նավասպորտի վարպետների, դայվերների և վինդսերֆինգի սիրահարների համար։ Այստեղ տուրիստական սեզոնը տևում է մայիսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը։ Երկրի ծովից հեռու գտնվող շրջաններից զբոսաշրջիկների համար սիրված է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը, Վարաժդին քաղաքն իր լավ պահպանված բարոկկո անսամբլով և Պլիտվիչկա Եզերա ազգային պարկով։
Խորվաթիայում գտնվող 7 օբյեկտներ արդեն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 15-ը գտնվում են նախնական ցանկում։ Երկրում կա 8 ազգային և բնության պարկ։
Խորվաթիայում պատերազմի ավարտից հետո, 20-րդ դարի 90-ական թվականներից ընդհուպ մինչև 2008 թվականը ներառյալ, զբոսաշրջիկների թիվը Խորվաթիա մշտապես աճել է, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա փոքր-ինչ նվազել է։ Արդեն 2011 թվականին զբոսաշրջիկների թվի աճ վերսկսվեց։
Lonely Planet հրատարակչությունը Խորվաթիային անվանել է 2005 թվականի լավագույն նպատակակետ[6], մինչդեռ Ազգային աշխարհագրական արկածային ամսագիրը Խորվաթիան բնորոշել է որպես 2006 թվականի լավագույն նշանակման վայր[7]։