Էստրոգեններ
From Wikipedia, the free encyclopedia
Էստրոգեններ, իգական սեռական հորմոններ, պատասխանատու են իգական սեռական համակարգի, երկրորդային սեռական հատկանիշների զարգացման, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիաների իրագործման համար։ Էստրոգեններին կարող են պատկանել նաև բնական կամ սինթետիկ այն նյութերը, որոնք նմանակում են բնական իգական սեռական հորմոնների ազդեցությունները[1]։ 17β-էստրադիոլը ամենաուժեղ և ամենատարածված ներսածին էստրոգենն է, որի նյութափախանակության որոշ արդյունքներ նույնպես օժտված են էստրոգենային ակտիվությամբ։ Որոշ սինթետիկ էստրոգեններ բերանային եղանակով օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչներ, հետդաշտանադադարի շրջանում էստրոգենային փոխարինման թերապիայի, տրանսսեքսուալ կանանց հորմոնային փոխարինման թերապիայի ժամանակ։
Էստրոգեն անվանումը ծագել է հունական οἶστρος (oistros բառից) որը բառացի նշանակում է «ներշնչանք», սակայն փոխաբերական իմաստով նշանակում է սեքսուալ կիրք կամ ցանկություն[2] և -gen վերջածանցից, որը նշանակում է «արտադրող»։
Էստրոգենները սինթեզվում են բոլոր ողնաշարավորների[3], ինչպես նաև որոշ միջատների մոտ[4]։ Սա փաստում է, որ էստրոգեններն էվոլյուցիոն առումով բավականին հին հորմոններ են։
Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը, էստադիոլը և էստրիոլը։ Էստրոգենների մյուս տեսակը կոչվում է էստետրոլ և այն արտադրվում է հղիության ընթացքում։ Տղամարդկանց օրգանիզմում, որտեղ էստրոգենների քանակը քիչ է, այս հորմոններն ունեն կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն[5][6]։
Բոլոր ստերոիդային հորմոնների նման, էստրոգենները հեշտությամբ անցնում են բջիջների թաղանթով։ Բջիջների ներսում սրանք կապվում են էստրոգենային ներբջջային ընկալիչներին, որոնք էլ իրենց հերթին, խթանում են բազմաթիվ գեների էքսպրեսիան[7]։ Ի հավելումն դրա, էստրոգենները կապվում և ակտիվացնում են արագ ազդանշանող թաղանթային էստրոգենային ընկալիչներին (օրինակ՝ G սպիտակուց-կախյալ էստրոգենային ընկալիչ 1 (GPER)[8][9][10]: