Իրանական ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Իրանական ճարտարապետություն, Իրանի հարավում մ.թ.ա․ III-I հազարամյակում Էլամ պետությունում զարգացած մշակույթի մաս, որը մոտ է եղել Բաբելա-ասուրականին։ Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ. թ. ա. առաջին հազարամյակի առաջին կես) կառուցվել են մայրաքաղաք Էքբատանի (ժամանակակից Համադան) հզոր ամրոցները (երկսյունազարդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ)։ Պալատական ճարտարապետությունը մեծ թափ է ստացել Աքեմենյան ժամանակաշրջանում։ Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը։ Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը։ Պաշտամունքային կառույցներից էին քառամույթ քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները։ Աքեմենյան թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին։ Ձևով առանձնանում էր Կյուրոս Մեծի դամբարանը Պասարգադում։ Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում էին հելլենիստական նմուշները, պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բացվող այվանի տիպը։ Քաղաքաշինությունը ինտենսիվ զարգացել է Սասանյան ժամանակաշրջանում։ Քաղաքները կառուցապատվել են բոլորաձև կամ ուղղանկյուն պարիսպների ներքո (Գուր, այժմ՝ Փիրուզաբադ հաճախ կանոնավոր հատակագծով Նիշապուրը շախմատաձև է)։ Շինությունները քարից էին կամ թրծված հում աղյուսից՝ պարաբոլաձև թաղերով։ Կիրառվել է նաև ապոմպային փոխանցմամբ գմբեթ։ Հսկայական չափերով պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ «այվան»՝ ընդունելության դահլիճը՝ լրացված գմբեթավոր կառույցով, և բոլորաձև կտրվածքի հզոր սյուն` կոնտրֆորսները Փիրուզաբադում (3-րդ դար), Սարվեստանում (5-րդ դար)։