Լողացող քվե
անկայուն ձայն քվեարկությունում / From Wikipedia, the free encyclopedia
Լողացող քվե, տատանվող ընտրող կամ ճոճվող քվեարկություն (անգլ.՝ swing vote), չկողմնորոշված ընտրողներ։ Բառի ավելի նեղ իմաստով այն ընտրազանգվածն է, որը երկկուսակցական համակարգում քվեարկում է երկու տարբեր կուսակցությունների օգտին երկու խորհրդարանական ընտրություններում[1]։ Բառի ավելի լայն իմաստով քվեարկելու իրավունք ունեցողները տատանվող են նաև, երբ նրանք առաջին կամ երկրորդ ընտրություններում կուսակցության օգտին չքվեարկելու իրավունքն օգտագործում են ընտրական գործընթացին չմասնակցելով, ձեռնպահ մնալով կամ դիտավորությամբ անվավեր քվեարկելով[2]։ Գաղտնի ընտրություններում դատարկ քվեաթերթիկ գցելու կամ անվավեր քվեարկելու հնարավորություն կա նաև պարտադիր քվեարկություն ունեցող երկրներում։ Ի տարբերություն տատանվող ընտրողի, կանոնավոր ընտրողը յուրաքանչյուր ընտրություններում ձայն է տալիս նույն կուսակցությանը։
Տատանվող ձայներ են սովորաբար փնտրում նախընտրական քարոզարշավներում, քանի որ դրանք կարող են մեծ դեր խաղալ արդյունքի որոշման գործում։ Երկկուսակցական համակարգում նրանք, ովքեր հիասթափվում են իրենց երբեմնի ֆավորիտ կուսակցությունից, ավելի հավանական է, որ կքվեարկեն երրորդ կողմի օգտին կամ ձեռնպահ լինեն։
Լողացող է այն ընտրողը, ով կարող է կապված չլինել որոշակի քաղաքական կուսակցության (Անկախ) հետ։ Ամերիկյան քաղաքականության մեջ շատ ցենտրիստներ, լիբերալ հանրապետականներ և պահպանողականդեմոկրատներ համարվում են «տատանվող ընտրողներ», քանի որ նրանց քվեարկության ձևերը հնարավոր չէ որոշակիորեն կանխատեսել։
Այն քաղաքացիները, ովքեր կրկին քվեարկում են տվյալ կուսակցության օգտին կուսակցության անվանումը փոխվելուց հետո չեն համարվում տատանվող ընտրողներ։
Այլ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ գերագույն դատարանները, նույնպես կարող են լինել տատանվող ընտրողներ։ Որքան փոքր է խումբը, այնքան ավելի մեծ ուժ կարող են ունենալ ընտրողները։ Օրինակ, յոթ դատավորներից բաղկացած դատարանում, որոնցից երեքը հակված են հարցի լուծման մի կողմին, մյուս երեքը` մյուս կողմին, ապա յոթերորդ դատավորը կարող է դառնալ գործի միանձնյա որոշում կայացնող։