Խորվաթիայի աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթիայի աշխարհագրություն, նախկին Հարավսլավիայի մաս հանդիսացող Խորվաթիայի ռելիեֆի, ջրագրության, օգտակար հանածոների, կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհի, վարչատարածքային բաժանման և ենթակառուցվածքների մասին ամբողջական տեղեկություն։
Խորվաթիայի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Խորվաթիա |
Վարչատարածք | Եվրոպա |
Խորվաթիան գտնվում է Կենտրոնական Եվրոպայի հարավում՝ մասամբ Բալկանյան թերակղզում (հարավ-արևմուտք), սահմանակից է Բոսնիա և Հերցեգովինային և Սերբիային (արևելքից), Սլովենիային (արևմուտքից), Հունգարիային (հյուսիսում) և Չեռնոգորիային (հարավ-արևելքից), իսկ հարավում ողողվում է Ադրիատիկ ծովի ջրերով։
Խորվաթիայի տարածքը կարելի է բաժանել երեք հիմնական երկրամակերևութային շրջանների՝ Ադրիատիկի ափ, Միջինդանուբյան դաշտավայր և Դինարյան բարձրավանդակ։ Երկրի տարածքի կեսից ավելին զբաղեցնում են հարթավայրերը՝ ծովի մակարդակից 200 մետրից պակաս բարձրություններով։ Հարթավայրերը հատկապես տարածված են Խորվաթիայի հյուսիսում՝ Սլավոնիայի պատմական շրջանում։ Ամենաբարձր լեռները գտնվում են Լիկա և Գորսկի Կոտար պատմական շրջաններում՝ Դինարյան բարձրավանդակում, իսկ ստորին լեռները տարածված են երկրի այլ մասերում։ Երկրի ամենաբարձր կետը՝ Դինարա լեռը, ծովի մակարդակից 1831 մ բարձրություն ունի։ Խորվաթիայի Ադրիատիկ ափն ունի 1777,3 կմ երկարություն, մինչդեռ երկրի բոլոր կղզիների առափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է ևս 4058 կմ։ Կարստային ռելիեֆը հանդիպում է Խորվաթիայի տարածքի գրեթե կեսի վրա և հատկապես տարածված է Դինարյան բարձրավանդակում, ինչպես նաև որոշ առափնյա և կղզիային տարածքներում։
Խորվաթիայի տարածքի 62%-ը պատկանում է Սև ծովի ավազանին, մնացած մասը՝ Ադրիատիկ ծովի ավազանին։ Երկրի ամենամեծ գետերը՝ Դանուբ, Սավա, Դրավա, Մուրա, Կուպա և Ներետվա։ Տարածքի մեծ մասն ունի տաք և խոնավ բարեխառն մայրցամաքային կլիմա. միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է −3 °C-ից +18 °C: Խորվաթիայում կան 444 պահպանվող բնական տարածքներ, որոնք կազմում են երկրի ընդհանուր տարածքի 8,5%-ը։