Կանանց վաճառքը Անգլիայում
From Wikipedia, the free encyclopedia
Կնոջ վաճառքի անգլիական սովորույթը (անգլ.՝ Wife selling English custom) ձախողված ամուսնությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու միջոց էր։ Սովորույթը սկսել է ձևավորվել 17-րդ դարի վերջին, երբ ամուսնալուծությունը գրեթե բոլորի համար անհնար էր, բացառությամբ` ամենահարուստ մարդկանց։ Պարանը կնոջը վզին, ձեռքին կամ գոտկատեղին գցելով՝ ամուսինը հրապարակային աճուրդ էր կազմակերպում և կնոջը տալիս էր նրան, ով կնոջ համար ամենաբարձր գին կառաջարկեր։ Կնոջ վաճառքը հիմք է հանդիսանում Թոմաս Հարդիի «Քաստերբրիջի քաղաքապետ» վեպի համար, որի սկզբում գլխավոր հերոսը վաճառում է կնոջը, և այս արարքը նրան հանգիստ չի տալիս ամբողջ կյանքի ընթացքում և, ի վերջո, հանգեցնում է նրա մահվանը։
Չնայած կնոջ վաճառելու սովորույթը որևէ իրավական հիմք չուներ և հաճախ հանգեցնում էր դատական հետապնդման, հատկապես` սկսած 19-րդ դարի կեսերից, իշխանությունների վերաբերմունքը դրա նկատմամբ երկիմաստ էր։ Գրավոր արձանագրվում է 19-րդ դարասկզբի դատավորի առնվազն մեկ հաղորդագրություն, որտեղ նա պնդում էր, որ իրեն իրավունք չի վերապահում արգելել կանանց վաճառքը։ Հայտնի են դեպքեր, երբ աղքատների մասին տեղական լիազորված օրենքը ստիպում էր տղամարդկանց հրաժարվել իրենց ընտանիքից և վաճառել իրենց կանանց։
Կնոջ վաճառքն այս կամ այն կերպ պահպանվել է մինչև 20-րդ դարի սկիզբ։ Իրավաբան և պատմաբան Ջեյմս Բրայսը 1901 թվականին գրել է, որ այդ ժամանակ կանանց դեռ վաճառվում էին։ 1913 թվականին Լիդսի ոստիկանության դատարանում ցուցմունք տված մի կին պնդել է, որ վաճառվել է ամուսնու գործընկերներից մեկին 1 ֆունտով։ Սա Անգլիայում կնոջ վաճառքի վերջին դեպքերից մեկի մասին զեկույցներից է։