Կարճ աղիքի համախտանիշ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Կարճ աղիքի համախտանիշ (ԿԱՀ, կամ պարզապես կարճ աղիք), բարակ աղիքի ֆունկցիոնալ անբավարարությամբ պայմանավորված մալաբսորբցիոն խանգարում[3]։ Առաջին ախտանիշներից է փորլուծությունը, ինչը կարող է բերել ջրազրկման, թերսնուցման և քաշի կորստի[1]։ Այլ ախտանիշներից են՝ վքնածություն, սրտխառնոց, հոգնածության զգացում, լակտոզային անտանելիություն, գարշահոտ կղանք[1]։ Բարդություններից են սակավարունությունը և երիկամաքարային հիվանդությունը[2]։
Կարճ աղիքի համախտանիշ | |
---|---|
Վիրահատական եղանակով հեռացված վնասված զստաղիքի հատվածը | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Բարակ աղիքի մեծ մասի վիրահատական հեռացում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Փորլուծություն, ջրազրկում, թերսնուցում, քաշի կորուստ[1] |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-9 | 579.3 |
ՀՄԴ-10 | K91.8 |
Հոմանիշներ | Կարճ աղիք, աղիքային անբավարարություն |
Ռիսկի գործոններ | Կրոնի հիվանդություն, ներկոզացնող էնտերոկոլիտ[2] |
Բուժում | Յուրահատուկ սննդակարգ, դեղամիջոցներ, վիրահատություն[1] |
Բարդություններ | Սակավարյունություն, երիկամաքարային հիվանդություն[2] |
Կանխատեսում | Կախված է մնացած բարակ աղու ծավալից[2] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան 3 դեպք մեկ միլիոնի հաշվարկով[1] |
Դեպքերի մեծամասնությունը առաջանում է բարակ աղիքի մեծ հատվածի վիրաբուժական հեռացման հետևանքով[1]։ Այս վիրահատությունը հիմնականում անհրաժեշտ է լինում կատարել մեծահասակների մոտ Կրոնի հիվանդության և փոքր երեխաների մոտ նեկրոզացնող էնտերոկոլիտի դեպքում[2]։ Ուրիշ պատճառների մեջ են մտնում բարակ աղիքի վնասումը որևէ այլ գործոնով, կամ բնածին աննորմալ կարճ աղիքը[1]։ Այս համախտանիշը չի դրսևորվում մինչև բարակ աղիքի երկարությունը նորմալ 6․1 մետրից չի հասնում ավելի պակաս քան 2 մետրի[1][3]։
Բուժումը պետք է ներառի յուրահատուկ սննդակարգ, դեղամիջոցներ կամ վիրահատություն[1]։ Սննդակարգը պետք է ընդգրկի թեթևակի քաղցր և թեթևակի աղի հեղուկներ, վիտամինային և հանքային հավելումներ, փոքր չափաբաժնով սնունդներ և ճարպոտ ուտելիքից խուսափում[1]։ Երբեմն սննդանյութերը հարկ է լինում տալ ներերակային ճանապարհով՝ հայտնի ինչպես պարէնտերալ սնուցում[1]։ Օգտագործվող դեղամիջոցներն են՝ հակաբիոտիկներ, թթվամարիչներ, լոպերամիդ, տեդուգլուտիդ (teduglutide) և աճի հորմոն[1]։ Տարբեր տեսակի վիրահատություններ, ներառյալ աղիքային փոխպատվաստումը, կարող էն օգնել որոշ մարդկանց[1]։
Կարճ աղիքի համախտանիշը ամեն տարի առաջին անգամ հայտնաբերվում է միլիոն մարդուց երեքի մոտ[1]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս համախտանիշով կան մոտավորապես 15 000 հիվանդ[2]։ Եվրոպական դեղաջործական գործակալության կողմից այս համախտանիշը դասակարգվել է որպես հազվադեպ հանդիպող հիվանդություն[4]։ Ելքը կախված է նրանից, թե ինչ երկարությամբ բարակ աղի է մնացել և արդյոք այն միացած է հաստ աղիքին թե ոչ[2]։