Կրոնի հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնի հիվանդություն (անգլ.՝ Crohn's disease, կոչվում է նաև գրանուլեմատոզ էնտերիտ (աղեբորբ), տրանսմուրալ էնտերիտ, տեղային (ռեգիոնար) էնտերիտ, ծանր քրոնիկ գրանուլեմատոզ բորբոքում), աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն, որը կարող է ախտահարել աղեստամոքսային տրակտի ցանկացած հատված՝ բերանի խոոռոչից մինչև հետանցք[2]։ Ախտանիշները ներառում են որովայնի ցավ, փորլուծություն (որը կարող է լինել արյունային, եթե բորբոքումը ծանր է ընթանում), տենդ և քաշի կորուստ[2][3]։ Արտաաղիքային բարդությունները ներառում են սակավարյունություն, մաշկի ցան, հոդաբորբ, աչքի բորբոքում և թուլություն[3]։ Մաշկի ցանը կարող է պայմանավորված լինել այնպիսի վարակային գործընթացով ինչպիսիք են գանգրենոզ պիոդերմիան կամ հանգուցավոր էրիթեման[3]։ Աղիքային անանցանելիությունը կարող է լինել քրոնիկ բորբոքման բարդություն և հանդիսանալ ռիսկի գործոն աղիների քաղցկեղի համար[3]։ Չնայած Կրոնի հիվանդության պատճառագիտությունը հայտնի չէ, սակայն համարվում է, որ գենետիկորեն նախատրամադրված անձանց մոտ այն պայմանավորված է շրջակա միջավայրի, իմուն և մանրէային գործոնների ազդեցությամբ[4][5][6]։ Որպես արդյունք առաջանում է քրոնիկ բորբոքային գործընթաց, երբ օրգանիզմի իմուն համակարգը՝ հավանաբար ուղղվելով մանրէային հակածնի դեմ, գրոհում է աղեստամոքսային տրակտը[5][7]։
Կրոնի հիվանդություն | |
---|---|
Ախտահարման օջախների երեք ամենատարածված տեղակայումները Կրոնի հիվանդության դեպքում | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | որովայնային ցավ[1], տենդ[1], անորեքսիա[1], հետանցքային տենեսմուս[1], լուծ[1], մարմնի քաշի կորուստ[1], փորկապություն[1], Խուղակ[1], Հոդացավ[1], Աֆթաներ[1], Խոց[1], Լնդաբորբ[1] և հոգնածություն[1] |
Բուժաքննություն | բիոպսիա և բժշկական վիզուալիզացիա |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Անվանվել է | Burrill Bernard Crohn? |
Crohn's disease Վիքիպահեստում |
Չնայած Կրոնի հիվանդությունը իմուն միջնորդված հիվանդություն է, սակայն չի հանդիսանում աուտոիմուն հիվանդություն, քանի որ իմուն համակարգը չի դրդվում անմիջապես օրգանիզմի կողմից[8]։ Հստակ պատճառը հայտնի չէ, սակայն հնարավոր է պատճառը լինի իմունային անբավարարությունը[7][9][10]։ Ռիսկի գործոնների կեսից ավելին կապված է ավելի քանի 70 գեների հետ[3][11]։ Ծխողները երկու անգամ ավելի հակված են ունենալու Կրոնի հիվանդություն չծխողների համեմատ[12]։ Հաճախ հիվանդությունը սկսում է գաստրոէնտերիտից հետո[3]։ Ախտորոշումը հիմնված է բիոպսիայի, աղիքի պատի վիճակի, բժշկական պատկերի և հիվանդության նկարագրության վրա[3]։ Նմանատիպ ախտանիշներով այլ վիճակների շարքին են պատկանում գրգռված աղու համախտանիշը և Բեխչետի հիվանդությունը[3]։
Դեռևս չկան դեղորայքային կամ վիրահատական միջոցներ, որոնք կարող են բուժել Կրոնի հիվանդությունը[3]։ Բուժական միջոցառումները ուղղված են ախտանիշների բարելավմանը, ախտադադարի պահպանմանն ու սրացման կանխարգելմանը[3]։ Նոր ախտորոշված անհատների մոտ սրացումը կանխարգելելու համարկորտիկոստերոիդները կարող են օգտագործվել կարճատև կուրսով զուգորդելով այն մետոտրեքսատի կամ թիոպուրինի հետ[3]։ Կրոնի հիվանդությամբ անհատներին խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը[3]։ Այս հիվանդությունն ունեցող յուրաքանչյուր հինգերորդ անհատ ամեն տարի ընդունվում է հիվանդանոց և տասը տարվա կտրվածքով նրանցից կեսին անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն[3]։ Չնայած վիրահատական միջամտությունները պետք է կատարել հնարավորինս հազվադեպ, սակայն թարախակույտի, աղիքային անանցանելիության և քաղցկեղի դեպքում դրանք անհրաժեշտություն են[3]։ Հիվանդության սկզբից ութ տարի անց խորհուրդ է տրվում մի քանի տարի պարբերությամբ կատարել կոլոնոսկոպիա աղիների քաղցկեղի վաղ հայտնաբերման համար[3]։
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում Կրոնի հիվանդությունը ախտահարում է մոտ 3.2 հոգու 1000 մարդու հաշվարկով[13]։ Ասիայում և Աֆրիկայում այն ավելի քիչ է տարածված[14][15]։ Պատմականորեն այս հիվադությունն ավելի տարածված էր զարգացած երկրներում[16], սակայն հիվանդության տեմպերը աճում են հատկապես զարգացող երկրներում սկսած 1970-ականներից[15][16]։ 2015 թվականին աղիների բորբոքային հիվանդություններից մահացել է 47,400 մարդ[17], ընդ որում Կրոնի հիվանդությամբ տառապողների կյանքի սպասվող միջին տևողությունը որոշակիորեն նվազել է[3]։ Հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հակված է սկսել կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակում[2][3]։ Հիվանդությունը հավասարապես է ախտահարում տղամարդկանց և կանանց[2]։ Հիվանդությունը անվանվել է գաստրոէնտերոլոգ Բյուրիլ Բերնարդ Կրոնի պատվին, ով 1932 թվականին Նյու-Յորքի Մաունթ Սայնա հոսպիտալում իր երկու կոլեգաների հետ համատեղ նկարագրեց բարակ աղու և զստաղու վերջնահատվածի բորբոքմամբ մի շարք հիվանդների[18]։