ՀԽՍՀ ղեկավարություն
From Wikipedia, the free encyclopedia
ՀԽՍՀ ղեկավարություն, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավար կազմը։ Ֆորմալ առումով 1920-1938 թվականներին ՀԽՍՀ բարձրագույն օրենսդիր մարմինը Խորհուրդների Համագումարն էր, իսկ 1938 թվականից՝ միասնական Գերագույն խորհուրդը, որի պատգամավորներն ընտրվում էին չորս տարի ժամկետով (1979 թվականից՝ հինգ տարի ժամկետով)։ Սակայն փաստացի 1920 թվականին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից մինչև Վերակառուցումը իշխանությունը գտնվում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության ձեռքում՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մաս[1]։ 1937 թվականի Սահմանադրությամբ Կոմկուսը հռչակվեց «աշխատավորների բոլոր կազմակերպությունների ղեկավարող մարմին», իսկ 1978 թվականի Սահմանադրությունն ամրապնդեց նրա «ղեկավարող և ուղղորդող դերը»։ Հայաստանի Կոմկուսի բարձրագույն մարմինը Կենտրոնական Կոմիտեն էր, իսկ Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարը 1920-1990 թվականներին հանրապետության փաստացի առաջնորդն էր։ Բացի 1990 թվականի ընտրություններից, Գերագույն խորհրդի պատգամավորի բոլոր թեկնածուները ենթարկվում էին Հայաստանի Կոմկուսի ղեկավարության պարտադիր հավանությանը․ այլընտրանքային թեկնածուների առաջադրումը չէր թույլատրվում։ Գերագույն խորհուրդը մշտական գործող մարմին չէր․ նրա պատգամավորները տարեկան 2-3 անգամ գումարում էին մի քանի օր տևողությամբ նիստեր։ Ամենօրյա վարչական աշխատանքներն իրականացնելու համար Գերագույն խորհուրդը ընտրում էր մշտական հանձաժողով, որն իրականացնում էր հանրապետության կոլեկտիվ ղեկավարի գործառույթները։
Իրավիճակը փոխվեց 1990 թվականին, երբ Կոմկուսի ղեկավարող դերի մասին Սահմանադրության հոդվածը չեղյալ համարվեց, և սկսեց թույլատրվել այլընտրանքային թեկնածուների առաջադրումը։ 1990 թվականի հուլիսին Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Հայոց համազգային շարժումը[2], ինչից հետո Հայաստանում Կոմունիստական կուսակցության իշխանությունն ավարտվեց։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը[3], և Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման մասին համաձայնագրի կնքմամբ Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։