Հակաօդային պաշտպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), պաշտպանության միջոցառումների համախումբ հակառակորդի օդային հարձակումը կասեցնելու համար։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Տարբերում են ՀՕՊ-ի հետևյալ տեսակները՝
- երկրի ՀՕՊ
- զորքի ՀՕՊ
- նավատորմի ՀՕՊ
Երկրի ՀՕՊ ԱՍՀՄ-ում համապետական միջոցառումների և ՀՕՊ-ի զորքերի մարտական գործողությունների համախումբ է, որն ապահովում է բնակչության, կարևորագույն շրջանների, վարչական-քաղաքական և արդյունաբերական-տնտեսական կենտրոնների, կարևոր ռազմատնտեսական օբյեկտների և զինված ուժերի խմբավորումների պաշտպանությունը հակառակորդի օդային ուժերի հարձակումից։ Իրագործում են երկրի ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով այլ զորատեսակների և Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների ՀՕՊ-ի զորքերի հետ։ ԱՄՆ-ում և մյուս խոշոր երկրներում երկրի ՀՕՊ-ի գործը կատարում են ռազմաօդային ուժերը։
Զորքի ՀՕՊ հակառակորդի օդային հարձակումները կասեցնելու մարտական գործողությունների, ինչպես նաև հետախուզելու, զորքին տեղեկացնելու, տարակենտրոնացնելու, քողարկելու և պատսպարելու միջոցառումների համախումբ է, որն իրագործում են ցամաքային ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ։
Նավատորմի ՀՕՊ իրագործում են ՀՕՊ-ի նավային միջոցները՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ։ ՀՕՊ-ի զարգացումը, պայքարի միջոցներն ու հնարավորությունները ուղղակիորեն կախված են թշնամու թռչող ապարատների զարգացման մակարդակից։