Հանզա
From Wikipedia, the free encyclopedia
Հանզայական միություն, Հանզա, ինչպես նաև Հանզեա (գերմ.՝ Deutsche Hanse կամ Düdesche Hanse, հին վերին գերմ․՝ Hansa՝ բառացի՝ «խումբ», «միություն», լատին․՝ Hansa Teutonica), խոշորագույն քաղաքական և տնտեսական միություն հյուսիսարևմտյան Եվրոպայի քաղաքների միջև 12-րդ դարի կեսերին։ Գոյություն է ունեցել մինչ 17-րդ դարի սկիզբը[С. 1]։ Հանզայի գրանցամատյանում ներառված է եղել 130 քաղաք, որոնցից մոտավորապես 100-ը՝ նավահանգստային։ Միության ազդեցության տակ է գտնվել մինչև 3000 բնակավայր[С. 2]։ 15-րդ դարի սկզբին Հանզան միավորում էր մոտավորապես 160 քաղաք[С. 3]։
Միավորման նպատակն էր հանզայական առևտրի գոտում մասնակիցներին արտոնություններով ապահովելը։ Հանզայական առևտրականների համար նեցուկ էին լինում ասպետական օրդենները։ Հանզան ներդրել է արտաքին ինքնուրույն քաղաքականություն, ձեռք է բերել ամրոցներ, աջակցել է օլիգարխիային։ Միավորման մասնակիցները հետևում էին Հանզայական Մեծ օրենսգրքին, որը լույս էր տեսել ամբողջ միության համար[С. 4]։
Առևտրական հարաբերությունների համակարգը հենվում էր գրասենյակների վրա։ Հանզայի արտասահմանյան գրասենյակները գտնվում էին Բերգենում, Լոնդոնում և Բրյուգգեում, Նովգորոդում, Վենետիկում և այլ քաղաքներում։ Եվրոպայի ներքին շրջանների առևտրի կենտրոնը և Բալթիկ և Հյուսիսային ծովերի միջև փոխաբեռնման կետը Լյուբեկն էր՝ միության փաստացի ղեկավարը[Նշ․ 1][С. 2]։ Հանզաթագերի որոշումները սովորաբար սկսվում էին «Հանզան և Լյուբեկը վճռել են․․․» բառերով[С. 5]։