Հարավային արևադարձ
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային արևադարձ կամ Այծեղջյուրի արևադարձ, ամենահարավային աշխարհագրական լայնությունը, որի վրա Արեգակը կեսօրին կարող է բարձրանալ մինչև զենիթ։ Այն հինգ հիմնական զուգահեռականներից է, որոնք նշվում են Երկրի քարտեզներում։ Գտնվում է հասարակածից հարավ՝ 23°26′16″ աշխարհագրական լայնությունում[1]։ Այն տեղի է ունենում ձմեռային արևակայության ժամանակ, երբ արևի ճառագայթների անկման անկյունը Հարավային կիսագնդում հասնում է առավելագույնի. դա առաջանում է Երկրի՝ Արեգակի շուրջ պտույտի և Երկրի առանցքի թեքության պատճառով։
Հարավային արևադարձի հյուսիսային համարժեքը Հյուսիսային կամ Խեցգետնի արևադարձն է։ Հարավային արևադարձից հարավ ընկած տարածաշրջանում կլիման մերձարևադարձային և բարեխառն է։ Իսկ Հյուսիսային և Հարավային արևադարձերի միջև ընկած տարածքի կլիման՝ արևադարձային։
Այծեղջյուրի արևադարձի անվանումն առաջացել է Այծեղջյուրի համաստեղության անունից, որտեղ, երկու հազար տարի առաջ «մայր էր մտնում» արևը ձմեռային արևակայության ժամանակ։ Ներկայիս շրջանում, այդ ժամանակահատվածում արևը գտնվում է Աղեղնավորի համաստեղությունում, ինչը պայմանավորված է գիշերահավասարով
Հարավային արևադարձի տեղադիրքը հստակորեն ֆիքսված չէ, քանի որ կախված է Արեգակի նկատմամբ Երկրի պտտման առանցքի թեքությունից։ 2000 թվականին անկման միջին թեքությունը կազմում էր 23°26′21″, սակայն, Երկրի առանցքի նուտացիայով պայմանավորված, ինչպես նաև այլ պարբերական շարժումներով, արևադարձերի դիրքը փոփոխվում է։ Այս պահի դրությամբ Այծեղջյուրի արևադարձը դանդաղորեն մոտենում է դեպի հասարակածը՝ պայմանավորված Երկրի առանցքի թեքության փոքրանալով՝ հարթության հետագծի նկատմամբ։