Հին Ամերիկայի ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին Ամերիկայի ճարտարապետություն, Կենտրոնական Ամերիկայի տարածքի և Հարավային Ամերիկայի արևմտյան ափերին կազմավորված ու զարգացած մշակութային տարր։ Երբ իսպանացիները նվաճեցին Ամերիկան (1519), այստեղ ապրող ժողովուրդները գտնվում էին հասարակական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում պահպանված բազմաթիվ աչքի ընկնող հուշարձանները։ Նշված ժողովուրդների հասարակական կյանքը, ըստ մոտավոր սահմանման, անցել է զարգացման հետևյալ փուլերը.
- Արխայիկ, որն ընդգրկել է 15-8-րդ դարերն ընկած ժամանակաշրջանը, երբ դեռ այստեղ տիրում էին համայնական կարգերը, և ճարտարապետությունը դեռ չէր կազմավորվել։
- Համայնքների տրոհման և դասակարգերի շերտավորման ժամանակաշրջան (VII-I դարեր)։ Այս փուլում զարգանում է արհեստական ոռոգման վրա հենվող հողագործությունը։ Կառուցվում են առաջին պաշտամունքային շենքերը՝ բուրգերը։ Առաջանում է մոնումենտալ քանդակագործություն և ճարտարապետական արվեստ։