Հունաստանի անկախության պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի անկախության պատերազմ, հայտնի է նաև, որպես Հունական հեղափոխություն (հուն․՝ Ελληνική Επανάσταση, օսմաներեն՝ يونان عصياني), հույն ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմն ընդդեմ օսմանյան տիրապետության։ Անկախության համար մղվող պայքարում Հունաստանը զգալի առաջընթաց գրանցեց այն ժամանակ, երբ ժամանակի մեծ տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիայի թագավորությունը, սկսեցին հանդես գալ վերջինիս աջակցությամբ։ Օսմանյան կայսրությունը օժանդակում էին վասալ տերությունները՝ Եգիպտոսը, Ալժիրը, Տրիպոլիտանիան և Թունիսը։
Հունաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնվել է Կոստանդնուպոլսի անկումից տասնամյակներ առաջ։ Այս ժամանակից ի վեր հույները ձեռնարկել են մի շարք ապստամբություններ, որոնք պսակվել են անհաջողությամբ։ 1814 թվականին Հունաստանի ազատագրության նպատակով ստեղծվում է «Ֆիլիկի Էթերիա» կոչվող գաղտնի կազմակերպությունը։ «Ֆիլիկի Էթերիա»-ն պլանավորում է միաժամանակ ապստամբություններ սկսել Պելոպոնեսում, Դանուբյան ավազանում և Կոստանդնուպոլսում։ Նախատեսված էր պայքարը սկսել մարտի 25-ին, քանի որ այդ օրը ուղղափառ քրիստոնյաների շրջանում նշվում է Սուրբ Ավետման տոնը։ Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան․ օսմանյան իշխանությունները բացահայտեցին ազատատենչ հույների ծրագրերը և կազմակերպության անդամները ստիպված եղան հանուն անկախության մղվող պայքարը սկսել ավելի վաղ։ Ապստամբությունների առաջին ալիքը սկսվեց 1821 թվականի մարտի 6-ին Դանուբյան ավազանում, սակայն նույն տարում ճնշվեց Մահմուդ II-ի ղեկավարած իշխանությունների կողմից։ Դրանից շատ չանցած ապստամբություն սկսվեց նաև հյուսիսում՝ Պելոպոնեսյան թերակղզում, իսկ նույն տարվա մարտի 17-ին Օսմանյան կայսրությանը պատերազմ հայտարարեցին Լակոնիայում բնակվող մանիոտները։ Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող պետությունների հեղափոխական շարժման սկիզը։
Մարտի 25-ին հույների գործողությունները պաշտոնապես որակվեց հեղափոխություն, իսկ արդեն ամսվա վերջին Պելոպոնեսում սկսվեցին կատաղի մարտեր։ 1821 թվականի հոկտեմբերին Թեոդորոս Կոլոկոտրոնիսի գլխավորած բանակը պաշարում է Տրիպոլիսը։ Պելոպոնեսյան ապստամբությունն արագ տարածվում է նաև Կրետեում, Մակեդոնիայում, Կիպրոսում և Կենտրոնական Հունաստանում։ Միևնույն ժամանակ, հունական ռազմածովային նավատորմին հաջողվում է կասեցնել օսմանյան նավատորմի առաջխաղացումը Եգեյան ծովում՝ կանխելով նոր զինուժի մատակարարումը ռազմաճակատ։ Գիտակցելով վերասան վտանգը՝ Օսմանյան սուլթանը սկսեց բանակցել Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալիի հետ, ով խոստացավ Հունաստան ուղարկել իր որդուն՝ Իբրահիմ փաշային։ Իբրահիմը փետրվարին եգիպտական բանակի գլուխն անցած ժամանեց Պելոպոնես․ առաջին հաջողությունը ևս չուշացավ։ 1825 թվականի վերջին Պելոպոնեսյան թերակղզու մեծ մասն անցավ Եգիպտոսի հսկողության տակ, իսկ հույների վերջին հենակետը՝ Մեսոլոնգիոն քաղաքը, երկարատև դիմադրությունից հետո 1826 թվականի ապրիլին անձնատուր եղավ թուրքերին։ Թեև Իբրահիմը պարտություն կրեց Մանի թերակղզում, այնուամենայնիվ նրան հաջողվեց ճնշել Պելոպոնեսի ապստամբությունը և արշավել Աթենք։
Իրադրությունը անկանխատեսելիորեն փոխվեցին այն ժամանակ, երբ հակամարտությանը սկսեցին միջնորդել ժամանակի երեք խոշորագույն տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և ռոյալիստական Ֆրանսիան։ Սկզբում դաշնակիցները միացյալ նավատորմը Նավարինոյում խափանեց օսմանա-եգիպտական ռազմածովային ուժերի գրոհը, որից հետո վերջիններիս ուժերը մարտնչելու նպատակով տեղափոխվեցին հյուսիսային Հունաստան։ Երկրի հյուսիսային հատվածները ազատագրելուց հետո բրիտանա-ռուսական միացյալ նավատորմը վերջնականապես ծովում ջախջախեց օսմանյան նավատորմին, իսկ շատ չանցած Ֆրանսիան դրդմամբ պատերազմը լքեց նաև Եգիպտոսի էյալեթը։ Զարգացնելով հաջողությունները՝ մինչև 1829 թվականը հույները ազատագրեցին իրենց երկրի տարածքի մեծ մասը, իսկ Կենտրոնական Հունաստանի նվաճումից հետո օսմանյան բանակի պարտությունն անխուսափելի դարձավ։ 1832 թվականի հունիսին կնքված Կոստանդնուպոլսի պայմանագրով Հունաստանը վերջնականապես դարձավ անկախ պետություն, իսկ Լոնդոնյան արձանագրության ստորագրումից հետո երկիրը հռչակվեց թագավորություն։
Այսպիսով՝ Հունաստանը դարձավ առաջին երկիրը, որը լիակատարն անկախություն ձեռք բերեց Օսմանյան կայսրությունից։ Հունական հեղափոխությունը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը․ այս շրջանում բազմիցս սկսեցին հիշատակվել հունական մշակույթի և քաղաքակրթության ազդեցության և վերջինիս դարավոր պատմության մասին։ Հույների հեղափոխական շարժման առաջներդներից էր նաև անգլիացի աշխարհահռչակ գրող Ջորջ Բայրոնը, ով հանդիսանում էր «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության համահիմնադիրներից մեկը։ Բայրոնն իր ստեղծագործություններով բարձրացնում էր մարտնչող հույների հայրենասիրական ոգին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռում էր Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Ներկայումս ամեն տարի մարտի 25-ին՝ անկախության պատերազմի սկսման օրը, Հունաստանում նշվում է, որպես ազգային տոն։