Մագդեբուրգյան կիսագնդեր
մթնոլորտային ճնշման ուժը ցուցադրելու համար զույգ կիսագնդեր / From Wikipedia, the free encyclopedia
Մագդեբուրգյան կիսագնդեր, մի զույգ իրար չկապակցված պղնձե կիսագնդեր են՝ հպվող եզրերով։ Դրանք առաջին անգամ՝ 1654 թվականի հանրային ցուցադրման ժամանակ օգտագործել է գերմանացի գիտնական և Մագդեբուրգի քաղաքապետ Օտտո ֆոն Գերիկեն մթնոլորտային ճնշման ուժը ցուցադրելու համար[1]։ Գիտնականի նպատակը եղել է ցուցադրել իր հորինած վակուումային պոմպը և մթնոլորտային ճնշման ուժը։ Առաջին արհեստական վակուումը գիտափորձից մի քանի տարի ստացել էր Էվանջելիստա Տորիչելլին, ինչն էլ ոգեշնչել էր Գերիկեին նախագծել աշխարհի առաջին վակուումային պոմպը, որը բաղկացած էր մխոցից և միակողմանի փականներով գլանից։ Կիսագնդերով փորձը օգտագործվել է ֆիզիկայի դասախոսություններում՝ որպես օդի ճնշման ուժը ցուցադրելու օրինակ, և մինչ օրս օգտագործվում են կրթական ծրագրերում[2][3]։ Բնօրինակ կիսագնդերը ցուցադրված են Մյունխենի Գերմանական թանգարանում (գերմ.՝ Deutsches Museum von Meisterwerken der Naturwissenschaft und Technik) թանգարանում[4]։
Բացի իր գիտական նշանակությունից, փորձը ծառայեց ապացուցելու, որ Մագդեբուրգ քաղաքը վերականգնվել է։ Քաղաքը փորձից ընդամենը երկու տասնամյակ առաջ ենթարկվել էր Մագդեբուրգի սարսափելի կողոպուտին, որը համարվում էր Երեսնամյա պատերազմի ամենասարսափելի դրվագներից մեկը, երբ նրա 20,000 բնակիչներ կոտորվել էին, և միայն 4000-նէր ողջ մնացել պատերազմի ավարտին՝ 1648 թվականին[5]։ Օտտո ֆոն Գերիկեն մտահոգված էր փորձի երկու ասպեկտներով՝ որպես առաջատար գիտնական և որպես Մագդեբուրգի քաղաքապետ, ով անխոնջ աշխատում էր քաղաքի հարստությունը վերականգնելու համար։