Մանեժ (Մոսկվա)
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկովյան Մանեժ (Մանեժ կենտրոնական ցուցասրահ), պատմական շենք, որը գտնվում է Մոսկվայի Մանեժնայա հրապարակի շենք 1 հասցեում, Մանեժնայա և Սապոժկովա հրապարակների, Ալեքսանդրովսկու զբոսայգու և Մոխովայա փողոցի միջև։ Հանդիսանում է Մոսկվա քաղաքի «Մանեժ թանգարանների և ցուցահանդեսների միավորում» մշակութային պետական բյուջետային հաստատության գլխավոր ցուցահանդեսային հարթակը[1]։
Շենքը կառուցվել է 1817 թվականին՝ Ավգուստին Բետանկուրի նախագծով՝ 1812 թվականի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի հինգերորդ տարեդարձի պատվին։ 1824-1825 թվականներին Օսիպ Բովեն նախագծել է Մանեժի ճակատները ամպիրային ոճով։ Սկզբում Մանեժը կոչվել է Էկզերցիրհաուզ և նախատեսված է եղել զորքերի շարային պատրաստության համար։ 1831 թվականից շենքում կազմակերպվել են ցուցահանդեսներ և տոնախմբություններ, իսկ ավելի ուշ՝ համերգներ և պարահանդեսներ։ Հեղափոխությունից հետո բոլշևիկները նրա տարածքում հիմնել են զորանոց, ապա ավտոկայանատեղի՝ կառավարական մեքենաների համար։ 1957 թվականին հաստատությանը տրվել է Կենտրոնական ցուցասրահի կարգավիճակ, և այնտեղ պարբերաբար անցկացվել են ցուցահանդեսներ և հանրային այլ միջոցառումներ[2]։
2004 թվականին շենքը մեծապես տուժել է հրդեհից և վերակառուցվել ճարտարապետ Պավել Անդրեևի նախագծով։ Վերականգնման ընթացքում համալիրում ստորգետնյա հարկ է կառուցվել, ընդլայնվել են տնտեսական և ցուցահանդեսային տարածքները։ Ներկայումս թանգարանա-ցուցահանդեսային միավորման հարթակներում կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, դասախոսություններ և դասընթացներ[3]։