Մասնակից:Alla Grig/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Միասթենիա գրավիս (ՄԳ) երկարատև ընթացքի նեյրոմկանային հիվանդություն է, որը հանգեցնում է տարբեր աստիճանի ծանրության կմախքային մկանների թուլության։[1] Ամենահաճախը ախտահարվում են դեմքի, աչքերի և կլման մկանները։[1] Դա կարող է հանգեցնել երկտեսության, կոպերի իջեցման (պտոզ), խոսքի և քայլքի դժվարացման։[1] Սկիզբը կարող է լինել հանկարծակի։[1] Հիվանդները հաճախ ունենում են ուրցագեղձի մեծացում կամ նրանց մոտ զարգանում է թիմոմա։[1]
Միասթենիան աուտոիմուն հիվանդություն է, որը զարգանում է հակամարմիններով նյարդամկանային սինապսի հատվածում նիկոտինային ացետիլխոլինային ընկալիչների շրջափակման կամ քայքայման հետևանքով։[1] Դա կանխում է նյարդային ազդակների փոխանցումը մկաններին։[1] Հազվադեպ ժառանգական գենետիկ դեֆեկտը նյարդամկանային սինապսի հատվածում հանգեցնում է նմանատիպ խնդիրների և հայտնի է որպես բնածին միասթենիա։[2][3] Միասթենիայով մայրերից ծնված երեխաները կարող են ունենալ հիվանդության նշանները իրենց կյանքի առաջին մի քանի ամիսը, ինչը հայտնի է որպես նեոնատալ միասթենիա։[1] Ախտորոշումը հաստատվում է արյան անալիզում յուրահատուկ հակամարմինների հայտնաբերմամբ էդրոֆոնիում թեստով կամ նյարդային փոխանցման ուսումնասիրմամբ։[1]
Միասթենիան հիմնականում բուժվում է ացետիլխոլինէսթերազայի ինհիբիտորներով, ինչպիսիք են նեոստիգմինը և պիրիդոստիգմինը։[1] Իմունաճնշիչները, ինչպիսիք են պրեդնիզոնը կամ ազաթիոպրինը, նույնպես կարող են օգտագործվել։[1] Ուրցագեղձի վիրաբուժական հեռացումը որոշ դեպքերում կարող է թեթևացնել ախտանիշները։[1] Պլազմաֆերեզը և ներերակային իմունոգլոբուլինների բարձր դոզաները կարող են օգտագործվել հիվանդության հանկարծակի բռնկման դեպքերում։[1] Երբ զարգանում է շնչառական մկանների զգալի թուլություն կարող է կիրառվել արհեստական շնչառություն։[1]
Միասթենիանիայի հանդիպման հաճախականությունը 50-200։1000000 է։[4][5] Այն ամեն տարի ախտորոշվում է 3-30։1000000 հաճախականությամբ։[6] Ախտորոշումը դառնում է ավելի տարածված կապված տեղեկացվածության բարձրացման հետ։[6] Այն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ մինչև 40 տարեկանը և տղամարդկանց մոտ 60 տարեկանից հետո։[1] Այն հազվադեպ է հանդիպում երեխաների մոտ։[1] Բուժման դեպքում հիվանդների մեծ մասը վարում է հարաբերականորեն նորմալ ապրելակերպ և ունենում է կյանքի նորմալ տևողություն։[1] Myasthenia բառը ունի հունարեն ծագում mys "մկան" և asthenia "թուլություն" և լատիներենով gravis "լուրջ"։[1]