Մասնակից:Armenmir/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Բարաք Հուսեին Օբամա II (/bəˈrɑːk huːˈseɪn oʊˈbɑːmə/ ( լսել) bə-RAHK hoo-SAYN oh-BAH-mə;[1] ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը 2009-2017 թվականներին զբաղեցրել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի պաշտոնը։ Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ պատմության առաջին աֆրոամերիկացի նախագահը։ 1997-2004 թվականներին Բարաք Օբաման եղել է Իլինոյս նահանգի սենատի անդամ, իսկ արդեն 2005-2008 թվականներին՝ Իլինոյս նահանգից ԱՄՆ Սենատի անդամ։ Զբաղվել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ և դասախոսել համալսարանում։
Օբաման ծնվել է Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Ավելի ուշ, Չիկագոյում աշխատել է որպես համայնքային կազմակերպիչ։ 1988 թվականին աշխատանքի է անցել Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղ եղել է Harvard Law Review-ի առաջին սևամորթ նախագահը։ Եղել է քաղաքացիական իրավունքների հարցերով փաստաբան և ակադեմիկոս՝ 1992-2004 թվականներին սահմանադրական իրավունք դասավանդելով Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում։ Համալսարանական գործունեությունից զատ Օբաման ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև քաղաքական գործընթացներին։ 1997-2004 թվականներին Իլինոյսի սենատում ներկայացրել է 13-րդ շրջանը, իսկ 2004 թվականին ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 2008 թվականին Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզի ժամանակ, որտեղ նրա հիմնական մրցակիցը Հիլարի Քլինթոնն էր, կուսակցությունը Բարաք Օբամային առաջադրեց որպես նախագահի, իսկ Ջո Բայդենին՝ որպես փոխնախագահի թեկնածու։ 2008 թվականի նոյեմբերին Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում՝ պարտության մատնելով հանրապետական Ջոն Մաքքեյնին։ Նրա երդմնակալության արարողությունը կայացավ 2009 թվականի հունվարի 20-ին։ Ընտրվելուց իննը ամիս անց Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս որոշումը ինչպես գովասանքի, այնպես էլ քննադատական ալիք էր առաջացրել։
Օբամայի առաջին պաշտոնավարման հիմնական գործողություններն ուղղված էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների վերացմանը և ներառում էին Վերականգնման և վերաներդրման ամերիկյան ակտը, որը օգնեց տնտեսությանը վերականգնվել Մեծ ռեցեսիայից։ Բացի այդ, Օբաման մասնակի ընդլայնեց Ջորջ Ու. Բուշի օրոք ներդրված հարկերի կրճատման մոտեցումը, մշակեց առողջապահական բարեփոխումների օրենսդրություն, ֆինանսական կարգավորումների բարեփոխումների օրենք, ինչպես նաև վերջ դրեց Իրաքում ամերիկյան ռազմական խոշոր ներկայությանը։ Օբաման նշանակել է նաև ԱՄՆ գերագույն դատարանի դատավորներ Սոնյա Սոթոմայորին և Ելենա Քագանին։ Սոթոմայորը դարձել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի առաջին իսպանախոս ամերիկացին։ Օբամայի հրամանով իրականացվել է «Նեպտունի եռաժանի» գործողությունը, որի հետևանքով սպանվել է Ուսամա բեն Լադենը։ Նա թերագնահատել է Բուշի հակապարտիզանական պատերազմի մոդելը՝ ընդլայնելով օդային հարվածները և լայնորեն կիրառելով հատուկ նշանակության ուժերը՝ միաժամանակ խրախուսելով նաև ընդունող երկրի զինված ուժերի մասնակցությունը նման գործողություններին։ 2011 թվականին Բարաք Օբամայի հանձնարարությամբ ամերիկյան զինված ուժերը ներխուժեցին Լիբիա։ Նպատակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 թվականի բանաձևի իրագործումն էր, ինչի հետևանքով Տրիպոլիում տապալվեց Մուամմար ալ-Կադդաֆիի վարչակարգը։
2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման կարողացավ հաղթել հանրապետական Միթ Ռոմնիին։ Նրա երկրորդ երդմնակալության արարողությունը կայացավ 2013 թվականի հունվարի 20-ին։ Իր պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում Օբաման գործուն քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ուղղությամբ՝ ստորագրելով Փարիզի համաձայնագիրը և գործադիր հրաման, որով սահմանափակվում էր ջերմոցային գազերի արտանետումները։ Օբաման շարունակել է իրագործել նաև «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի կիրառումը, որն ընդունվել էր դեռևս նրա առաջին նախագահության շրջանում ու հայտնի էր նաև Obamacare անվամբ։ Բարաք Օբաման բանակցել ու Իրանի ու մյուս երկրների հետ կնքել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ու կարգավորել Կուբայի հետ հարաբերությունները։ Օբամայի նախագահության երկրորդ շրջանում Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը էականորեն կրճատվել է, չնայած նրա նախագահության շրջանում ամերիկյան զորքերը մնացին այդ երկրում։ Օբաման իր աջակցությունը հայտնեց նաև ԱՄՆ-ում ԼԳԲՏ համայնքին, որի գագաթնակետը դարձավ «Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի» գործի շրջանակներում Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունների արգելքը հակասահմանադրական ճանաչելը։
Բարաք Օբաման նախագահի պաշտոնը թողեց 2017 թվականի հունվարի 20-ին ու շարունակեց բնակվել մայրաքաղաք Վաշինգտոնում։ Չիկագոյում նրա նախագահական գրադարանը սկսեց կառուցվել 2021 թվականին։ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո՝ Օբաման շարունակեց ակտիվ դերակատարում ունենալ Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործընթացներում, ներառյալ ամերիկյան տարբեր ընտրություններում դեմոկրատ թեկնածուների քարոզարշավներին մասնակցությունը։ 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ նա իր աջակցությունը հայտնեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությանը։ Քաղաքականությունից զատ Օբաման 3 բեսթսելերների հեղինակ է. «Իմ հոր երազանքները» (1995 թվական), Հույսի համարձակությունը (2006 թվական) և Ավետյաց երկիր (2020 թվական)։ Գիտնականների և պատմաբանների վարկանիշները, որտեղ Օբաման հայտնվել է 2010 թվականից, նրան դնում են ամերիկյան նախագահների միջին և վերին էշելոններում[2][3][4]։