Մարմարե քարանձավ (Կոսովո)
From Wikipedia, the free encyclopedia
Մարմարե քարանձավ (ալբ․՝ Shpella e Gadimës, նաև Shpella Mermerit, սերբ.՝ Мермерна пећина/Mermerna pećina), քարանձավ Կոսովոյի Հանրապետության Լիպլյան մունիցիպալիտետի Ներքին Գադիմե գյուղի (սերբ.՝ Доње Гадимље) մոտ։ Գտնվում է Ժագովացի լեռնաշղթայի արևմուտքում՝ Պրիշտինայից մոտ 20 կիլոմետր հարավ, Սկոպյեի ճանապարհի մոտ։ Քարանձավի մուտքերը գտնվում են Կլիսիր (ալբ․՝ Klysyr) գետի երկու ափերում՝ գետի հունից 6-10 մետր բարձրության վրա. երեքը գտնվում են աջ ափին, մեկը՝ ձախ[1]։
Մարմարե քարանձավ | |
---|---|
Տեսակ | քարանձավ և բնության հուշարձան |
Երկիր | Կոսովո |
Երկարություն | 1260 մետր |
Հայտնաբերման տարի | 1966 |
Քարանձավը ձևավորվել է մարմարում կարստային պրոցեսի արդյունքում, որը տեղի է ունենում հազվադեպ։ Մինչև հայտնաբերվելը այն ամբողջովին ծածկված է եղել ցեխով և կեղտով։ Քարանձավի բազմաթիվ ճյուղավորումներ դեռևս մաքրված չեն և չեն ուսումնասիրվել։ Հայտնի է, որ միջանցքների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 1260 մետր, իսկ դրանց մակերեսը 1350 մ² է[1]։ Նրա ամենացածր աստիճանում կա 25 մշտական լիճ[1], որոնց խորությունը հասնում է 10 մետրի։ Քարանձավի միջանցքներում հանդիպում են բազմաթիվ ստալակտիտներ և ստալագմիտներ։ Կան նաև մեծ, մինչև 30 սանտիմետր երկարությամբ արագոնիտե բյուրեղներ, որոնք ձգվում են բոլոր ուղղություններով[1]։
Քարանձավը բացվել է 1969 թվականին։ Տեղի բնակիչ Ահմեդը գտել է մուտքը, երբ քար էր հանում իր տան բակում[2][3]։ Նույն թվականին մուտքի շրջակա տարածքը՝ 56,26 հեկտար մակերեսով, ճանաչվել է բնության հուշարձան (IUCN վարկածով III կատեգորիայի)[1]։ 1976 թվականին քարանձավը սարքավորվել է և բացվել է զբոսաշրջիկների համար։ Գլխավոր մուտքում սարքվել է երկաթե մեծ դուռ[4], շների և այլ կենդանիների մուտքը քարայր արգելվում է[5]։