Մարտագլխիկ
From Wikipedia, the free encyclopedia
Մարտագլխիկ (մարտական գլխիկ, մարտական մաս (ՄՄ) - խոցման միջոցների (հրթիռներ, ռումբեր կամ հրետանային արկեր) բաղադրիչի անվանումը, որը նախատեսված է թիրախը խոցելու համար։ Մարտագլխիկը՝ մարտական մասի խոսակցական անվանումն է։ Կառուցվածքային առումով այն բաղկացած է կորպուսից, լիցքից, պայթեցման մեխանիզմով պայթուցիչից, երբեմն ներառում է ուղղորդող սարքեր։ Որպես կանոն, այն տեղադրվում է խոցման միջոցի գլխամասում, որն էլ որոշում է նրա անվանումը։ Որպես լիցք կարող են օգտագործվել պայթուցիկ, միջուկային, հրկիզիչ, քիմիական լիցքեր և այլն։ Տարբերակում են մոնոբլոկ և տարանջատվող (բազմալիցք) մարտագլխիկներ։ Փոքր հեռահարության և տրամաչափի հրթիռների վրա օգտագործվում են մեկ լիցքավորմամբ մոնոբլոկ մարտագլխիկներ, որոնք առավել հաճախ չեն առանձնացվում հրթիռի կորպուսից։ Բալիստիկ և որոշ թևավոր հրթիռների մեծ մասում մոնոբլոկ մարտագլխիկները (մարտական մասերը) առանձնացվում են հրթիռից և ինքնուրույն ուղղվում են թիրախի վրա, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումն ու որսումը։ Որոշ հակասուզանավային և հականավային հրթիռների համար մարտագլխիկները հանդիսանում են ինքնաուղղորդող տորպեդ, որն արձակվում է թիրախի հատվածում հրթիռի ընկնելուց։ Նման սխեման հնարավորություն է տալիս տորպեդին հասցնել շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, քան տորպեդային խողովակից կրակելիս։ Մեծ տարածության վրա թիրախներ խոցելու մի շարք հրթիռներ հագեցված են կասետային մարտական մասերով։